Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով օրերս Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ նշել է, որ յուրաքանչյուր այց նպաստում է փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարների և ուղիների բացահայտմանը:

Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ տարբեր մակարդակով փոխայցելությունները հնարավորություն են տալիս հետևողականորեն զարգացնել միջպետական հարաբերությունները և բոլոր ուղղություններով խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը համապատասխանում է հայ և իտալացի ժողովուրդների ցանկություններին:

Ընդգծվել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը լավ հիմք են առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել