Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների` Արցախ մեկնելն ու ԱԺ նիստերին չմասնակցելը համարում է ոչ թե Արցախին պաշտպանող քայլ, այլ՝ սադրող:

ԱԺ-ում իր ելույթում Կոնջորյանն ասաց. «Ես հիշում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Սեյրչան Օհանյանը արել էր այսպիսի մի արտահայտություն, որ իրենց համար խորհրդարան անցնելը խրմատ է եւ իրենք պետք է գան ու պայքարեն այդ խրամատում: Իրենք եկան ԱԺ, խրչամատավորվեցին այս նստարաններին, զբաղվում էին շշանետումներով, ծեծկռտուքներ էին հրահրում, փորձում էին ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, ամեն կերպ պարալիզացնել ԱԺ-ն:

Գուցե համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ, հավանաբար, նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ, նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ընդդեմ ՀՀ ժողովրդի»:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ տարբեր քաղաքներում, իսկ այսօր էլ ԱԺ-ում ընդդիմադիրները տեղադրում են Արցախի դրոշը, Կոնջորյանն ասաց. «Տրամաբանությունը, երբ Արցախի դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է Հայաստանում ընդդեմ որեւէ մեկի, ես չեմ հասկանում: Արցախի դրոշը և Արցախը բոլորի սրտերում ու մտքերում է: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին ու Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը:

Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե, Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են», - ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով, դա ցույց է տալիս, որ այսօրվա ԱԺ ընդդիմության կռիվը Հայաստանում է. «Այնպես ինչպես պատերազմի  ժամանակ գեներալներին հրավիրում էին Երեւանի կենտրոն, որովհետեւ նրանց կռիվը Հայաստանի ներսում էր, նույնկերպ այսօր նրանք Արցախի շահերը չեն պաշտպանում Հայաստանից դուրս, եւ Արցախի դրոշն այստեղ տեղադրում են ընդդեմ մեզ, կարծես իրենք պաշտպանում են Արցախը: Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի մունետիկն է: Խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները:

Խորհրդարանական ընդդիմությունը նորից օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: Եվ նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում՝ հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար. դա մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու», - հայտարարեց Կոնջորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել