Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ հերթական նիստը բոյկոտելը և Արցախ մեկնելը համարում է ոչ թե Արցախը  պաշտպանող, այլ սադրող քայլ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում:

Կոնջորյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, որում  պետք է պայքարեն: Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Եվ, գուցե, համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի»,-տեսակետ հայտնեց Կոնջորյանը:

Արցախի դրոշը ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանում տեղադրելուն անդրադառնալով՝ նա նշեց, որ չի հասկանում, երբ դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է ՀՀ-ում՝ ընդդեմ որևէ մեկի:

«Արցախի դրոշը և Արցախը բոլորիս սրտերում և մտքերում են: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին: Եվ Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա ընդգծեց՝ ընդդիմությունը միջխորհրդարանական հարթակներում չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում, ժողովրդի տված մանդատը չի իրագործում, բոյկոտում Է:

«Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները»,-ասաց Կոնջորյանը:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և  անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: «Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում, նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար: Եվ դա  մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»,-եզրափակեց Կոնջոյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի  12-ի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու հեթական նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել