Lurer.com-ը գրում է.

Աննա Հակոբյանի մարտիության կազմակերպած միջոցառումից, որին հրավիրված էին զոհված զինծառայողների հարազատները, անցել է ուղիղ մեկ ամիս: 

Նշենք, որ այդ միջոցառմանը հրավիրված էր երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը երգեց ոչ միայն տխուր երգեր, այլև ուրախ, որոնցից մեկի՝ «Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը» երգի ներքո էլ, ըստ տարածված տեսանյութի երջանիկ պարում էին զոհված զինծառայողների մայրերը, ինչն էլ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց:

Միջոցառման մասնակից Գալինա Բաբյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված «կապավոր Կյաժի» մայրը,  ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց, որ շատ շնորհակալ է Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու և յուրաքանչյուր սգավոր ծնողին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ զոհված տղաների հարազատները սկսեցին պարել, նա պատասխանեց. «Մենք ինչպես կարող էինք մոռանալ մեր սուգը, պարզապես գնացինք և երկու ժամ կտրվեցինք մեր երեխաների նկարներից: Իսկ պարողներին մենք չէինք ճանաչում, իրենք զոհված զինծառայողների հարազատներ չէին և հենց նրանք էին Սիլվա Հակոբյանին պատվիրում ուրախ երգեր երգել»,- ընդգծեց Գալինա Բաբյանը:

Վերջինս նշեց, որ զոհվածների մայրերը երգչուհուն խնդրել են կատարել միայն տխուր երգեր:  

Հարցին, արդյո՞ք ներկա գտնվել է երեկվա կառավարական առանձնատանը կայացած ապրիլյոթյան միջոցառմանը, զոհված զինծառայողի մայրը նշեց, որ հրավեր ստացել է, բայց չի մասնակցել. «Նախորդ միջոցառումից հետո այնքան շատ էին բացասական կարծիքներն ու բառերը, որ այս անգամ նախընտրեցի չմասնակցել միջոցառմանը, քանի որ այդ խոսակցությունները ուղիղ ազդեցություն են ունենում առողջությանս վրա»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը կառավարականի առանձնատան տարածքում կրկին հյուրընկալել էր զոհված զինծառայողների հարազատներին:

Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութի աղմուկից հետո գրառմամբ հանդես եկավ նաև երգչուհին, որում հայտնել էր՝ «Երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել