«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հետ կապվեցինք այն պահին, երբ նա պատրաստվում էր գնալ Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու։ Ասաց, որ մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, բայց ակնկալիքների մասով դժվարացավ խոսել՝ խնդրելով հարցն ուղղել հանրահավաքի կազմակերպիչներին։ Նրան մի քանի հարց ուղղեցինք։

- Պարոն Համբարձումյան, հանրահավաքը կազմակերպվել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից, արդյո՞ք պետք է մտահոգվել։

- Ինձ խիստ մտահոգում է հատկապես այն փաստը, որ մեր երկիրը՝ Հայաստանը, Արցախը, մեր հայրենիքը անսահման զիջումներով, ամեն ինչ զիջելով՝ պատրաստ է մտնելու խաղաղության դարաշրջան, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է։

- Կարծում եք՝ Փաշինյանը նոր զիջումների՞ կգնա Ալիեւի պարտադրանքով, եւ այդ հանդիպումը դրա՞ն է միտված։

- Կգնա, թե չի գնա, դա չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, ես արդեն տեսնում եմ, որ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը զիջումներ կամ աններելի զիջումներ ոչ մեկին չի հանդուրժի, այդ թվում՝ Փաշինյանին։

- Բայց կարծես թե հանդուրժում է արդեն երկու տարի։ Արցախի 75 տոկոսի հանձնումը հանդուրժել է, չէ՞։

- Մարդիկ էդ պատերազմից վախեցած էին, ճնշված էին, իմ կարծիքով՝ գնալով պետք է ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքներն արթնանան, չի կարող հայ մարդը զուտ որպես սպառող լինել ու ապրել էսօրվա կյանքով։

- Իսկ Արցախի կարգավիճակի մասով Դուք ի՞նչ տեսլական ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցը։

- Արցախի կարգավիճակն արցախցիները վաղուց որոշել են։

- Ինչպե՞ս են որոշել։

- Հանրաքվեով։ Արցախցիները վաղուց անկախ են ու քանի արցախցիներն ապրում են Արցախի տարածքում, Արցախը չի հայաթափվելու։ Չեմ կարծում՝ որեւէ այլ որոշում կայացնեն։

- Բայց հիմա արդեն քննարկվում է Ռուսաստանի կազմ մտնելու, Ռուսաստանին միանալու հարցը։

- Դա նրանից է, որ Հայաստանից անճարություն են տեսնում, հասկանո՞ւմ եք։ Միայնակ են մնացել մարդիկ, աչքի առաջ ունեն հայաթափման վտանգը, գաղթական դառնալու վտանգը, հետեւաբար նաեւ այդ ուղղությամբ են սկսել մտածել։

- Իսկ նորմա՞լ եք համարում այդ տարբերակը։

- Իհարկե, նորմալ չեմ համարում։ Ես իմ կարծիքն ասել եմ, իրենք վաղուց են ինքնորոշվել, իրենք վաղուց են իրենց անկախ հռչակել եւ այսօր էլ պայքարում են իրենց անկախությունը պահպանելու համար։

- Բայց իրենք ասում են՝ Հայաստանը ձեռքերը լվացել է եւ այլեւս ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը, ուստի հույսը միայն Ռուսաստանի վրա են դրել։

- Ցավոք սրտի, էդպես տեսնում են, էդպես զգում են, էդպես հասկանում են, դրա համար էլ էդպես են հայտարարում։

- Հիմա, եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում հօգուտ մեզ, Հայաստանն էլ չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը․․․

- Հօգուտ մեզը ո՞րն է, այսինքն՝ հօգուտ արցախցիների՝ էն մարդկանց, ովքեր էնտեղ ապրում են։

- Այո, հօգուտ արցախցիներինը նաեւ հօգուտ հայաստանցիների է, որովհետեւ մենք մի ազգ ու մի ժողովուրդ ենք, չէ՞։

- Այո։

- Հիմա, եթե հօգուտ Հայաստանի եւ Արցախի չի լուծվում այս հարցը, ի՞նչ է մնում, որ Արցախը միանա Ռուսաստանի՞ն։

- Դրա համար էլ տարիներ շարունակ բանակցային գործընթաց էր գնում, մոտենում էին Արցախի միջազգային ճանաչման հնարավորությանը, ցավոք սրտի՝ էսօր իրավիճակը լրիվ այլ է, եւ սկսում ենք ինչ-որ մի անհասկանալի կետից՝ ամբողջ նախկինում կատարվածը ջուրը լցնելուց հետո։

- Նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Տեսեք, մենք ծանրակշիռ տվյալներ ունենք, որ այսօր Ադրբեջանը կոնկրետ պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այդ պահանջները չբավարարելու դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Հայաստանը։ Հարց է, չէ՞, առաջանում։ Բնականաբար, կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ պետք է Հայաստանը գնա անվերջ զիջումների։ Հիմա պատերազմին դիմակայելու համար պետք էր գոնե այս երկու տարին կամ տարի մի քանի ամիսը չկորցնել եւ բանակը կարգավորել, երկրի ներսում էս բարոյահոգեբանական վիճակը հանգուցալուծման հասցնել, երկրում էսպիսի պառակտված վիճակում նույնիսկ դիմակայելն է բարդ, ես չեմ պատկերացնում՝ եթե պատերազմ սկսվեց, ինչպե՞ս ենք դիմակայելու։ Այդ վտանգը կա, այդ վտանգից ոչ ոք չի կարող խուսափել։ Ինձ համար ամենացավալին այն կլինի, որ եթե, Աստված մի արասցե, սկսենք Հայաստանի տարածքները կորցնել։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ հեռացումն իշխանությունից որեւէ դրական հեռանկար կառաջացնի՞ մեզ համար։

- Տեսեք, երկրում, երբ որ նման ծանր իրադարձություններ են տեղի ունենում, պետք է անմիջապես այդ իրադարձություններից հետո նախաձեռնել եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ընդ որում, ցանկացած նորմալ երկրում, որը, այսպես ասած, դեմոկրատական երկիր կառուցելու գաղափարով է ապրում, նման երկրում իշխանությունը պետք է հեռանար, պայմաններ ստեղծեր նոր արդար ընտրություններ իրականացնելու համար, եւ արդեն նոր դեմքերով, նոր պաշտոնատար անձանցով երկիրը պետք է առաջ շարժվեր։ Հիմա մենք հակառակ մի պրոցեսի մեջ մտանք, ընտրությունները յոթ-ութ ամիս հետո անցկացվեցին, ընտրությունների ընթացքում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք մտահոգիչ են։ Այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված, եւ էդ ամեն ինչը բերեց հասցրեց նրան, որ էսօր մենք ունենք էսպիսի ներքաղաքական միջավայր, էսպիսի տարանջատված, մասնատված բազմություն։ Այսօր հայը հայ մարդուն ավելի շատ է ատում, քան նույն հակառակորդին, որը հազարավոր զոհեր է պատճառել մեզ։ Սա նորմալ երեւույթ չէ, եւ, իմ կարծիքով, էս ամեն ինչը կարող է հանգուցալուծվել միայն գլոբալ փոփոխություններից հետո։ Այսինքն՝ կա՛մ էդ հարաբերությունները, ներքին համերաշխությունը պետք է ապահովի այս իշխանությունը, կա՛մ պետք է լուծեն անվտանգային խնդիրները, կա՛մ իշխանությունը պետք է հեռանա։

- Իսկ ովքե՞ր պետք է գան իշխանության, այն ուժերը, որոնք այսօր հարթակո՞ւմ են։

- Այն ուժերը, որոնք առանց կողմնակի ազդեցության, առանց կողմնակի միջամտության կընտրվեն ժողովրդի կողմից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել