Lurer.com-ը գրում է.
Հանրահավաքներով իշխանափոխության հասնելը բացառված է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառանալով այսօր՝ ապրիլի5-ին, խորհրդարանական ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին, որը ներկայիս իշխանությունների դեմ է, ինչպես նաև ի պաշտպանություն Արցախի:
«Հանրահավաքների շարքով ընդդիմադիրների համար լավագույն դեպքում կարող է քննարկման հարց դառնալ իշխանության և ընդդիմադիր ուժերի մոտեցումների հստակեցումը Արցախի հիմնախնդրի հետ կապված: Եթե այդ մոտեցումները լինեն տրամագծորեն հակառակ, ապա դա կարող է առաջացնել այնպիսի իրավիճակ, որ գնանք արտահերթ ընտրությունների: Այդ ժամանակ արդեն յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայանա իր տեսակետով»,- ասաց ՔՊ պատգամավորը:
Վերջինս վստահություն հայտնեց՝ այսօրվա իշխանությունը շատ բարձր լեգիտիմություն ունի, ներկայացնում է ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետը, և անգամ, արտահերթ ընտրության ժամանակ կհաղթի ներկայիս իշխանությունը.
«Եթե իմ այս ասածը կասկածի տակ է դրվում, ուրեմն՝ արտահերթ ընտրությունների հարցը պետք է ընդդիմադիրները բերեն իրենց օրակարգ, ոչ թե ճնշումներով ստիպեն՝ իշխանությանը հեռանալ»,-ընդգծեց Հովիկ Աղազարյանը:
«Եթե իրենք ամբողջ ժողովրդին կհանեն փողոց, որպես բողոքի նշան մեր իշխանության, դա այլ հարց է, բայց եթե 5000-6000 հոգով հանրահավաք պետք է անեն....: Եթե ընդդիմադիրները իրենց առաջ բերած օրակարգով կարողանան ճնշող մեծամասնությանը տանից դուրս հանել, այդ ժամանակ հարց կառաջանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ես վստահ եմ, որ նորից մեզ կընտրեն, այնքանով, որքանով որ վստահ եմ՝ մեր կատարած քայլերը ճիշտ են, բայց վերջնական գնահատական տվողը ժողովուրդն է»,- նշեց մերն զրուցակիցը:
Մեր այն հարցին, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը արդյոք չի բազմապատկի Ազատության հրապարակում հավաքված մարդկանց թիվը, պատասխանեց. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցության ազդեցությունը նույն մասսայի վրա է, հետևաբար մեկի ավելանալով չի լինի, որ մարդկանց էական ինչ-որ քանակ կրկնապատկվի»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ նա այդպիսի հանրահավաքները համարում է քաղաքական-մշակութային մաս.
«Յուրաքանչյուրը օրենքի սահմաններում իրավունք ունի իրացնել իր քաղաքական էներգիան: Հնարավոր է, որ նրանք ելույթի ժամանակ այնպիսի մտքեր և տեսակետներ հայտնեն, որը, ըստ էության, դրական իմաստով ազդի իշխանության կողմից որդեգրած քաղաքականության վրա»,- եզրափակեց նա: