Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով. Բաքվի պնդումը, թե, իբր, Հայաստանն առաջարկները թողել է անարձագանք, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է:

Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ եւ մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, որոնցից երկուսը ոչ աշխատանքային, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին եւ պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:

Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաեւ հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ).

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ)»,- ընդգծեց Փաշինյանը։

Երկրի ղեկավարը շեշտեց՝ սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով:

«Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»,- եզրափակեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել