Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ սահմանազատում են տարածքը, իսկ պարեկներ Ինգա Գալստյանը, Լուսինե Ղազարյանը, Վանուշ Հովհաննիսյանը, Տիգրան Սաֆարյանն ու Համբարձում Հովհաննիսյանը փորձում են այդ աղջկան համոզել, որպեսզի նա իջնի։ Սակայն նա չի պատասխանում պարեկների հարցերին։

Դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողանում են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վերամբարձ կռունկից իջեցված քաղաքացու ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել