Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են նկրտումներ ՀՀ տարածքի նկատմամբ և դա փաստացի կերպով  ամրագրված է նաև ամենաբարձր մակարդակ ունեցող «Շուշիի հռչակագրում»։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Վերջինս նշեց, որ պետք չէ զարմանալ, թե Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 նախապայմանները կարող են լինել «միջանցքի» մասին, տեղին չէ, որովհետև կա ամենաբարձր մակարդակով ստորագրված «Շուշիի հռչակագիրը»։

«Այնտեղ ամրագրված է, որ Ադրբեջանը ցանկություն ունի վերցնելու ՀՀ սուվերեն տարածքը, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանին։ Այստեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում, բայց ավելի խնդրահարույց եմ համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ տարիներ առաջ դեռևս ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա նման բան պահանջում և պնդում, որ մենք նորից պետք է ճանաչենք։ Այստեղ ակնհայտ է մի բան, երբ դու զուգահեռ որևէ գործընթաց չունես ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի ճանաչման առումով, ապա, այո, տարածքային ամբողջականության ճանաչումով նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, սա ամենախնդրահարույց կետն է այդ հինգ առաջարկությունների մեջ»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է գնա բանակցությունների՝ ունենալով իր պատկերացումները։ «Երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, հայկական կողմն էլ պետք է խոսի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Սակայն, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին, հայկական կողմը խոսում է բացառապես Արցախում բնակվող հայերի իրավունքների և ազատությունների մասին։ Սրա մասին ցանկացածը կարող է խոսել, բայց Հայաստանը չի կարող առաջ չտանել ազգերի ինքնորոշման թեզը։ Իհարկե, կարճ անդրադարձ կար կարգավիճակի մասին, բայց այստեղ էլ մեծ խնդրահարույց բան եմ տեսնում, բայց գործող իշխանությունը չի բացառում Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով սահմանային իրադարձությունների վերաբերյալ ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին՝ Գրիգորյանը դրանք ոչ արժանահավատ համարեց։

«ՊՆ-ն ասում է, այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիները հիմա են եկել, այդպես չէ, նրանք ավելի շուտ են եկել, այսինքն ասում են՝ «ժողովուրդ ջան, մի՛ անհանգստացեք, նոր չի եղել, որոշ ժամանակ առաջ է եղել»։ Ինչպես կարող է ՊՆ-ն նման հայտարարություն տարածել։ Բա, եթե եկել էին, ինչո՞ւ նրանց դուրս չեն շպրտել, սա առնվազն անգործություն է։ Այս իշխանությունների օրոք տեղի է ունենում ադրբեջանցիների շարունակական առաջխաղացում և մեր սուվերեն տարածքի օկուպացիա»,- եզրափակեց Աննա Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել