Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քիչ առաջ ավարտվել է: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ: Իշխանական պատգամավորներից շատերն անակնկալի են եկել Փաշինյանի այցից, քանի որ վերջին ժամանակներում նա ավանդական դարձած ամենամսյա հանդիպումների ժամկետներն է նույնիսկ խառնում, եւ խմբակցության ողջ կազմի հետ ավելի ուշ-ուշ են տեսնվում: Հանդիպում են նեղ կազմով, փոխանցում է ասելիքը:


Ինչեւէ, հանդիպման շարժառիթը, ըստ իշխանական մեր աղբյուրի, Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի նախապայման հինգ կետերն են եղել եւ ապրիլի սկզբներին նշանակված Փաշինյանի մոսկովյան այցը եւ խոսակցությունները, որ հենց այդ այցի ընթացքում էլ Ադրբեջանի հետ փաստաթուղթ է ստորագրվելու:

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ դեռ վաղ է որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը, որ պաշտոնական Երեւանը ադրբեջանական հինգ կետերին ի պատասխան լրացուցիչ պարզաբանումների, կամ ինչպես Փաշինյանն է ասել, «լրացումների» ցանկ է ներկայացրել, որոնք այդ փաստաթուղթը ավելի հայանպաստ են դարձնում, թե ինչ լրացումների մասին է խոսքը, Փաշինյանը չի պարզաբանել, թիմակիցներին ասել է, որ անհանգստության պատճառ չկա, գործընթացը մեկնարկել է, պետք է քննարկել եւ հասկանալ հանրային տրամադրությունները: Հարց է հնչել՝  ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի ժամանակ ՌԴ այցը արդյոք չի ընկալվի՞ ի աջակցություն կողմերից մեկին, Փաշինյանը հարցին հարցով է պատասխանել՝ իսկ Ֆրանսիա այցը այդպե՞ս է ընկալվել:

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Նրա հեռանալուց հետո ՔՊ-ականները քննակել են վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգը: 

Նշենք, որ ԱԺ խորհուրդն այսօր քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի երկու տասնյակից ավել նախագիծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել