ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունը մարտի 18–ին մեկնել է Բալի կղզի, այս մասին հայտնել է ԱԺ կայքը, նշելով, որ Բալի այցի նպատակը Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելն է։

Tert.am-ը Ինդոնեզիայի խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը և հարակից հանդիպումները տեղի կունենան Բալիի միջազգային կոնվենցիայի կենտրոնում (BICC), Նուսա Դուա, Բալի, կիրակի, 20-ից մինչև հինգշաբթի՝ 24 մարտի։

Թե ինչ հրատապ հարցի քննարկում էր և որքանով էր առնչվում Հայաստանին, որ ՀՀ պատվիրակությունը ԱԺ նախագահի մակարդակով հարկ է համարել մասնակցել ու տարբեր չվերթներով հասնել Ինդոզնեզիա, պարզվեց, որ քննարկման թեման կանաչ օրակարգն է . «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» (Getting to zero: Mobilizing parliaments to act on climate change):

Կազմակերպող կողմի հաղորդագրություններում նշված է, որ մասնակիցները կքննարկեն, թե ինչ խորհրդարանական գործողություններ պետք է ձեռնարկվեն կլիմայական արտակարգ իրավիճակի հետևանքները մեղմելու և Փարիզի համաձայնագիրը կյանքի կոչելու համար:Խորհրդարանականները կլսեն կլիմայի ակտիվիստների և կլիմայի փոփոխության առաջնագծում գտնվող երկրների ներկայացուցիչների զեկույցները:

  Ազգային ժողովը նաև հաղորդագրություն է տարածել, որոմ ասվում է․ «Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարանների պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների և գլխավոր քարտուղարների համար:

Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաև Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձևի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում: Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաև ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ:

Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել