Օրեր առաջ 24News-ը հարցում էր ուղարկվել Սահմանադրական դատարան առ այն, թե  Սահմանադրական դատարանի ո՞ր դատավորներն են մեկնել Ստրասբուրգ քաղաք գործուղման, ո՞ւմ հրավերով կամ նախաձեռնությամբ, ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, ծախսը հրավիրո՞ղ, թե՞ հրավիրվող կողմն է հոգացել, ու՞մ հետ են տեղի ունեցել հանդիպումներ, հանդիպումների օրակարգում ի՞նչ հարցեր են  ներառված եղել, և/կամ ի՞նչ հարցեր են քննարկվել:

Հարցմանն ի պատասխան ՍԴ մամուլի խոսնակը, հղում  անելով մեր հարցերի պատասխանները չպարունակող հրապարակմանը, չի պատասխանել, թե ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, տվյալ դեպքում՝  ՍԴ նախագահ Արման Դիլանյանի և  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործուղումը, հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել, կոնկրետ ո՞ր ծախսերն են կատարվել ՍԴ կողմից, ինչն առնվազն, տարակուսելի է և կասկածելի:
Մեր հարցերին չպատասխանելը  դառնում է շատ ավելի ուշագրավ, երբ առաջ է գալիս հարցը. ինչու՞ են Ստրասբուրգ մեկնել միայն իշխանությունների սրտի դատավորները՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը: Ի վերջո, ծիծաղելի է մամուլի հաղորդագրությունն առ այն, որ այցի նպատակը   իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը կարևորելն էր: Հարց է առաջանում. ի՞նչ է` Արման Դիլանյանը, կամա, թե ակամա, լինելով բարձր դատարանի ղեկավար, պետք է մսխեր ՍԴ բյուջեն, հանդիպեր երրորդ էշելոնի պաշտոնյաների հետ, չընդունվեր ավելի բարձր խողովակներում, որպեսզի նոր գիտակցե՞ր իրավունքի գերակայության ոլորտում ՍԴ դերը:

Ի դեպ, հենց այդ նույն օրը Ստրասբուրգ քաղաք են գործուղվել  նաև վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը: Վարչապետի աշխատակազմի  կայքում տեղադրված և հետո հասկանալի պատճառներով շատ արագ հեռացված համատեղ լուսանկարներից  և մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ հանդիպումները եղել են նույն կամ գրեթե նույն կազմի հետ, կամ հանդիպումը եղել է համատեղ: Եվ եթե համադրում ենք ծախսերը թաքցնելու տեղեկատվությունը, այդ թվում՝ տոմսերի գնման,  առաջանում են հարցեր՝ արդյո՞ք ՍԴ-ն ու գործադիրն այնքան են սերտաճել միմյանց, որ նախապես կազմակերպում են  սեփական գործուղումները համատեղ, կամ էլ միգուցե արդեն իսկ Եվրոպայի խորհրդի աչքու՞մ է այդպես, որից ելնելով էլ գործուղումը համատեղ է կազմակերպվել:

Ուշագրավ է նաև, որ այդ համատեղ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռազմավարական դաշնակցի, փաստացի ՀՀ անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի ԵԽ-ից վտարելու ժամանակահատվածում, ինչը չի կարող քաղաքական խնդիրներ չառաջացնել, քանզի ուկրաինական իրադարձությունների համատեքստում Մոսկվան ուշի ուշով հետևում է դաշնակից երկրների վարքագծին:  Իսկ թե ինչու՞ են իշխանությունների սրտի դատավորները  սկսել ավելի անթաքույց գործել որպես գործադիր իշխանության կցորդ, ակնհայտ կդառնա առաջիկա ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Գլխավոր և կից՝ Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչների և ՍԴ դատավորների համատեղ լուսանկարը Ստրասբուրգում:

քաղաքական
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել