Tert.am Life-ը գրում է․

Դերասաններ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, շարունակում է ծնողների ճանապարհը: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց դերասանական առաջին քայլերի, երազանքների, տարիքը գաղտնի պահելու պատճառի և արվեստի տարբեր ոլորտներում ներգրավված լինելու մասին:

«Մեկ ամիս առաջ կատարվեց իմ երազանքը. դարձա Կամերային թատրոնի դերասանուհի: Ես այդ թատրոնում եմ մեծացել, միշտ երազել եմ խաղալ այդ բեմում, հիմա խաղում եմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ, մասսայական տեսարանում եմ խաղում,- ասաց նա և հավելեց, որ դեռևս չի մտածում գլխավոր դեր խաղալու մասին: - Դեռևս չկա գլխավոր կերպար, որը կցանկանայի մարմնավորել, հիմա աշխատում եմ ներկայացման մեջ իմ կերպարը լավ կերտելու ուղղությամբ»:

Լիլիթը շեշտեց, որ փոքր տարիքում երազել է խաղալ այն կերպարները, որոնք կերտել է մայրը՝ Լուիզա Ներսիսյանը. ««Ինչ տարբերություն, թե ում հետ» կամ «Փնտրվում է տղամարդ» ներկայացումների մեջ խենթանում էի նրա կերպարի համար: Ինձ միշտ գրավել է մայրիկիս ոճը բեմում, խաղը, կերպարը»:

Լիլիթը երազում է դերասանուհի դառնալու մասին և համոզված է, որ շարունակելու է աշխատել ծնողների մասնագիտությամբ:

«Ես ուրիշ կյանք չեմ տեսել, ես մեծացել եմ դերասանների միջավայրում, նկարահանման հրապարակներում, ինձ մեծացրել են տեսախցիկների առաջ,- ասաց նա և հավելեց, որ ծնողների գործոնն ազդել է իր որոշման վրա: -Ծնողներս ողջունում են իմ բոլոր գաղափարները, ծրագրերը և նախաձեռնությունները, նրանք աջակցում են ինձ ցանկացած հարցում: Հայրիկս շատ ուրախ է, որ հիմա խաղում եմ Կամերային թատրոնում, որը կառուցել է հենց ինքը, երկար տարիներ այդտեղ խաղացել է նաև մայրս: Կամերային թատրոնում ինձ զգում եմ ինչպես հայրական տանը»:

Լիլիթը հետաքրքրված է նաև հումորային ոլորտով: Մարտի 12-ին Բոհեմ թատրոնում կայացավ «Նայիր վերև» stand up շոուն, որտեղ ելույթ է ունեցել նաև Լիլիթը. պատմել է ընտանիքի, կերպարի, ծնողների հետ հարաբերությունների և երազանքների մասին:

«Սա ինձ համար նոր փորձ է, ելույթներս լինելու են շարունակական: Բեմ բարձրանալուն պես հասկացա, որ այս ոլորտն ինձ ևս շատ դուր է գալիս,: Հհանդիսատեսի հետ աշխատանքն ու ծնողներիս աջակցությունն ինձ շատ է օգնում,- պատմեց Լիլիթը և ընդգծեց, որ ծնողների ոգևորությունն ու աջակցությունն իրեն շատ է օգնում:- Մայրիկս ամբողջ ելույթս նկարահանել էր և ավարտվելուն պես ոգևորված եկել էր հետնաբեմ ու ցույց էր տալիս ելույթս: Ելույթիս պատրաստվելիս էլ ծնողներս ինձ օգնում են: Բնականաբար, իմ ներկայացրած շատ պատմություններ ինքս չեմ հիշել, նրանք են պատմել»:

Լիլիթը զբաղվում է նաև լուսանկարչությամբ, նախընտրում է սև-սպիտակ նկարներ. «Անցած տարի եմ բացահայտել այդ ոլորտը, երբ աշխատում էի «Սևազգեստ կանայք» ֆիլմի հետնաբեմում, որպես ռեժիսորի ասիստենտ: Այդ շրջանում ռեժիսոր Գոռ Կիրակոսյանից շատ բան եմ սովորել թե՛ լույսի, թե՛ տեխնիկայի հետ աշխատանքի վերաբերյալ»,- ասաց Լիլիթը և նշեց, որ դա եղել է ռեժիսուրայի ոլորտում նրա առաջին աշխատանքը:

Լիլիթի խոսքով՝ հետնաբեմում աշխատանքը իր համար ևս գրավիչ է՝ չնայած փոքրուց միայն տեսել է տեսախցիկի առաջ տարվող աշխատանքը: «Չէի կարող պատկերացնել, որ ինձ դուր կգա այդ աշխատանքը, բայց շատ հետաքրքիր է տեսախցիկի հետևում կատարվող աժիոտաժը: Շատ պատասխանատու էր, որ առաջին աշխատանքս նման պրոֆեսիոնալ մակարդակի էր»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել