Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր ուզածին՝ մարտի 15-ից արգելվեց ծխելը նաեւ բացօթյա սրճարաններում։ Սա Թորոսյանը համարում է իր անձնական հաջողությունն ու հաղթանակը եւ անգամ ծավալուն գրառմամբ է հանդես եկել Ֆեյսբուքում․ «Այսօր ես ներքին հանգստություն կամ բավարարվածություն եմ զգում, քանի որ իմ անձնական ջանքը օգնել է նման կարեւոր օրենք ունենալ մեր երկրում, որի հիմնական դրույթներն արդեն ուժի մեջ են»։ 

Բայց Թորոսյանի այս հաղթանակը խնդիրներ է առաջացրել ինչպես ծխողների, այնպես էլ ռեստորանային բիզնեսով զբաղվողների մոտ։ Ռեստորանների ու սրճարանների տերերն արդեն բարձրաձայնում են, որ այցելուները դժգոհում են բացօթյա տարածքում ծխելու արգելքից եւ չեն ցանկանում այլեւս մտնել սրճարան։ Եվ սա, բնականաբար, ազդելու է նաեւ տնտեսական ցուցանիշների վրա։

Նկատենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս հարցում շարունակում է Արսեն Թորոսյանի գիծը։ «Տեսեք, ծխախոտի սահմանափակումների հետ կապված՝ բազմաթիվ երկրներ արդեն իսկ տարիներ ի վեր անցել են այս ռեֆորմով, մտցրել են թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում ծխելու արգելքը, եւ որեւէ տնտեսական բացասական հետեւանք ռեստորանները չեն կրել։ Եվ սա հաստատված փաստ է, եւ դա մենք կարող ենք փաստել թե՛ ԵԱՏՄ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ թե՛ եվրոպական երկրներում ու ԱՄՆ շատ նահանգներում։ Այսինքն՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որեւէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, եւ ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։

Նրան հուշեցինք, որ «ի հակառակ» ձեւակերպման մեջ «ի»-ն ավելորդ է, բայց նա ուշադրություն չդարձնելով՝ շարունակեց․ «Տեսեք, երբ որ օդը մաքուր է ռեստորանում, մարդիկ ընտանիքներով նստում են երկար, սնվում են, շատ լավ ժամանակ են անցկացնում, եւ սա եւս նպաստում է, որպեսզի չտուժի ռեստորանային բիզնեսը»։

- Տիկին Ավանեսյան, խոսքը բացօթյա տարածքների մասին է եւ հատկապես նրանց, ովքեր սիրում են սուրճը վայելել ծխախոտի հետ։ Հիմա այդ մարդկանց Վահան Քերոբյանը, օրինակ, առաջարկում է, որ գնան, մի քանի մետր այն կողմ ծխեն՝ գան։ Այդ մի քանի մե՞տրն է խանգարում՝ ի՞նչ տարբերություն՝ բաց տարածքում սեղանի շուրջ նստա՞ծ են ծխում, թե՞ սեղանի կողքը կանգնած։ Անտրամաբանական է ստացվում։

- Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։

- Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։

- Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետեւ մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու եւ նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։

- Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։

- Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։

- Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որեւէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։

- Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, եւ ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը եւ մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։ Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաեւ ինքնաթիռում, այնուհետեւ վերացվեց այս հնարավորությունը եւս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով եւ չեն ծխում։

- Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։

- Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարեւոր ռեֆորմներից է, եւ մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, եւ շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e3180f04dbc0af5abeeb2373e4597a52

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել