Hraparak.am-ը գրում է․

Այսօր պատերազմի մասնակից մի խումբ անձինք, որոնք ներկայանում էին որպես մահապարտներ, այսօր բողոքից ակցիա էին իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Նրանք պահանջում էին չեղարկել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները։ Որոշ ժամանակ օդանավակայան տանող ճանապարհի մայթեզրին, ոստիկանական ուժերի շրջապատմամբ, իրենց բողոքն արտահայտելուց հետո, սակայն, ակցիայի մասնակիցները հեռացան։

Նրանցից մեկը, որին ներկայացրին որպես գեներալ-մայոր Քոչարյան՝ մահապարտների հատուկ հետախուզական դիվերսիոն գումարտակի հրամանատարի, մեզ հետ զրույցում ասաց․ «Ով որ էս սամայլոտը բացել ա՝ թուրքերի հետ ախպերությունով, պատասխան ա տալու, էտի ասում եմ բոլոր կռվող տղերքի անունից, բոլոր էն տղերքի, որ էս պահի դրությամբ խրամատի մեջ կանգնած են։ Չի մտնելու թուրքը ստեղ, Հայաստան թուրքը ոտք չի դնելու, ով ուզում ա՝ թույլ տա, մենք թույլ չենք տալու»։

Մեր դիտարկմանը, թե այսօր Ստամբուլ-Երևան չվերթով Թուրքիայի քաղաքացիներ են ժամանելու Երևան, իրենք ինչպե՞ս են պատրաստվում արգելել նրանց մուտքը Հայաստան, մեր զրուցակիցն ասաց․ «Թուրքիայի քաղաքացիներ են, նոր ոստիկանն ասում ա՝ սպանի, ես քեզ չեմ դատի։ Թող թուրքերը մտածեն՝ կարա՞ն գան ստեղ, թե՞ չէ»։

Ակցիայի մասնակիցներն ասացին նաև, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու, և քիչ հետո նաև իրենց պահանջները կներկայացնեն համապատասխան մարմիններին։ Մեզ հետ զրույցում իր խոսքն ասաց նաև մի տղամարդ, որը ներկայացավ որպես զոհվածի զինվորի հայր և կոչ արեց մյուս որդեկորույս ծնողներին ևս միանալ իրենց։ Դրանից հետո նրանք նստեցին մեքենաներն ու հեռացան։

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել