Hraparak.am-ը գրում է․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (նախկինում` ՏՄՊՊՀ) 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: Շուրջ մեկ տարի է անցել Զատիկի օրերին ձվի գնի չհիմնավորված բարձրացումից եւ դրան հաջորդած աղմուկից։

Երեկ մենք շրջեցինք սուպերմարկետներով՝ հասկանալու, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում շուկայում։ Օրինակ «Էվրիկա» սուպերմարկետում «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրած մեկ հատ ձուն արժե 65 դրամ, նույն սուպերմարկետում Երեւանի թռչնաֆաբրիկայի տուփը՝ 6 ձու, արժե 500 դրամ, 10 ձվի դեպքում գինը 340 դրամով ավելանում է ու դառնում 840 դրամ։ «Կոկո» հավկիթն արժե 500 դրամ։

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում պատկերն այլ է, ու այնտեղ ներկայացված ձվի տեսականին անհամեմատ ավելի էժան է։ Օրինակ, «Արզնի» հավկիթի մեծ չափի ձուն արժե 40 դրամ, փոքրը՝ 25։ Տուփով տեսականիների պակաս այստեղ չկա, Ստեփանավանի ֆիրմային 10 հատ հավկիթն արժե 2․130 դրամ, իսկ 6 հատի դեպքում՝ 1280։ 01 կարգի «Սեղանը քից» հավկիթի 10 հատը 540 դրամ է։

SAS սուպերմարկետում ներկայացված է «Աշտարակ», «Ոսկե», «Տնական» հավկիթների տեսականին։ Հավկիթ «Աշտարակ», 1 հատ - 85 դրամ, սպիտակ, հավկիթ «Աշտարակ», 1 հատ - 70 դրամ, հավկիթ կարմիր, «Ոսկե», 1 հատ - 70 դրամ, հավկիթ տնական, 1 հատ - 140, հավկիթ սպիտակ, «Ոսկե», 1 հատ - 75 դրամ։  Ինչպես նկատեցիք` գների բավականին մեծ տատանում կա՝ կախված արտադրողից:

Նշենք, որ ընկերությունների ներկայացրած պարզաբանումներում՝ թանկացման հետ կապված, նշվում էր, որ ձվի գնի բարձրացումը կապված է, օրինակ,  2020 թվականին սկիզբ առած Covid 19-ի համաճարակի, ինչպես նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի հետ։ Մեկ այլ պարզաբանմամբ նշվում է, որ ձվի վաճառքի գների բարձրացումը պայմանավորված է կերի եւ այլ անհրաժեշտ իրերի գնմամբ։ Այսինքն` կերը եւ այլ պարագաներ թանկացել են, ըստ այդմ` նաեւ ձուն:

Նշենք նաեւ, որ անցյալ տարվա մարտ ամսվա ժամանակահատվածի համեմատ թանկացած ձվի գները «Նոր Զովք», ինչպես նաեւ «Էվրիկա» ՍՊԸ-ում մատակարարման հետ կապված խնդիրներ չէին առաջացրել, իսկ Սուրբ Հարության տոնի հետ կապված՝ մարտին հավկիթի սպառումը խիստ ավելացել էր, եւ սպառողների մոտ խուճապ էր առաջացել՝ հավի ձվի հնարավոր պակասուրդի հետ կապված, ուստի մանրածախ առեւտրի կետերում  ձուն արագ սպառվել էր` խթանելով գնաճը։ Ձու արտադրողները պնդում են, որ այս սննդատեսակի իրացման գների արհեստական բարձրացում չի եղել, այլ գինը ձեւավորվել է ձեռքբերման գնին համապատասխան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6a2d63c6cbb79357a38a05852da26f34

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել