Armlur.am-ը գրում է․

«Լուսավոր Հայաստանը» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ոչ թե ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի հենքի վրա ձևավորված քննիչ հանձնաժողովի, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծելու կողմակիցն է, ինչի մասին ԼՀԿ-ն հայտարարում է պատերազմի ավարտից անմիջապես հետո: Իրավահավասարություն ենթադրող հանձնաժողովում՝ պարիտետայինում, որևէ քաղաքական ուժ մյուսի նկատմամբ առավելություն չէր ունենա, մեկնաբանում է մեր զրուցակիցը, բացի այդ՝ այդտեղ նաև հասարակական այլ գործիչներ, մտավորականներ կարող էին ներգրավված լինել: Ի՞նչն էր կաշկանդում իշխանություններին ոչ թե քննիչ, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծել, հարցն անհասկանալի է նաև Գորգիսյանի համար:

Ըստ նախկին պատգամավորի` 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներում է ներգրավված եղել, եթե արդեն իսկ ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանական ընդդիմադիմությունն, այնուամենայնիվ, մասնակցի, ապա քննարկումը ոչ թե պատերազմի հանգամանքներին է վերաբերելու, այլ փոխադարձ մեղադրանքերի տարափ է լինելու:

Ընդդիմադիրները չպետք է թողնեն, որ իշխանությունը միայնակ պարզի պատերազմի հանգամանքները: Նա համակարծիք չէ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների տեսակետին, թե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով՝ կլեգիտմացնեն այն: Նախկին խորհրդարանականը ներկաներին ԱԺ կանոնակարգ-օրենքը լավ ուսումնասիրելու խորհուրդ է տալիս:

Անդրադառնալով 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին՝ ասում է, որ այդ հանձնաժողովը հերքեց տարածված բոլոր այն թյուր կարծիքները, որ կային բանակի շուրջը՝ պատերազմի ժամանակ փամփուշտ չլինելուց, մինչև զինվորների սոված մնալ: Իսկ նման տեսակետների տարածումը, Գորգիսյանի համոզմամբ, միտված էր բանակը արժեզրկելուն, վարկաբեկելուն, 18-ամյա երիտասրադներին բանակում ծառայելուց հետ պահելուց և այլն: Ի դեպ, ԼՀԿ-ականի պանդմամբ՝ այդօրինակ հայտարարությունները ոչ ներկա իշխանության ներկայացուցիչներն են տարածել, այլ դրանք անհասցե են եղել:

ԼՀԿ-ականի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շատ ավելի վաղ կարող էր ստեղծվել, ու քանի դեռ պատերազմի մասնակիցների ու պատերազմ տեսածների հիշողությունը թարմ է, պետք է լսել նրանց ու արձանագրել այդ ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել