Armsport.am-ը գրում է.

Ձմեռային տրանսֆերային պատուհանը թոփ-5 լիգաներում դեռ նոր է փակվել, սակայն մարզական աշխարհն արդեն պատրաստվում է ամառային պատուհանին։ Առանձնացրել ենք վերջին օրերի ընթացքում միջազգային մամուլում շրջանառվող ամենահետաքրքրիր տրանսֆերային շշուկները։

Mini Feed News-ը, մեջբերելով Football Italia-ին և Corriere dello Sport-ին, հայտնում է, որ «Ռոմայի» հինգ խաղացող ծրագրում է հեռանալ ակումբից այս ամառ։ Այդ ֆուտբոլիստներն են Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և որ նրանք չունենք տղամարդկություն: Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է որպես անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյուից, այնպես էլ ակումբի ղեկավարությունից: Ուստի նրանք պատրաստ են հեռանալ թիմից։

Gazzetta dello Sport-ն էլ իր հերթին հայտնում է, որ Մոուրինյուն ծրագրում է 83 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել առաջիկա ամառ՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար: Նրա կարճ ցուցակում են «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» աստղ Մարկոս Սենեսին և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։ Մոուրինյուն ցանկանում է իր թիմ հրավիրել նաև «Տոտենհեմի» առաջատարներից մեկին՝ Պյեր-Էմիլ Հեյբյերգին, հայտնում է Goal-ը։ «Տոտենհեմը» մարզելիս մասնագետն արդեն աշխատել է դանիացու հետ, ուստի շատ լավ գիտի ֆուտբոլիստի ուժեղ կողմերը։

Առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր ինտրիգներից մեկը կլինի «երիտասարդ վիկինգի» տեղափոխությունը նոր ակումբ։ Football Insider-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը որդու համար նոր ակումբ է ընտրել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նորվեգացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են մարզիկի անձնական պայմանագրի մանրամասները, և այս ամառ Հոլանդը պայմանագիր կկնքի «քաղաքաբնակների» հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:

Իսկ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» արդեն որոշել է փոխարինող գտնել հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով, ինչպես վերևում նշել ենք, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբն այս ամառ։ Ըստ աղբյուրի՝ նորվեգացուն պետք է փոխարինի «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին։ «Մեղուները» ֆուտբոլիստի հետ արդեն պայմանավորվել են հինգ տարվա պայմանագրի շուրջ։ Ադեյեմին «Բորուսիային» կարժենա 20 միլիոն եվրո։

«Ռեալ Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է Sport.es-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու խաղաոճը դուր է գալիս ակումբի նախագահ Ժոան Լապորտային։ «Բարսան» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն «Բետիսը» ցանկանում է Ֆեկիրի տրանսֆերի համար ստանալ 80 միլիոն եվրո։ Ֆրանսիացին 2019 թվականից է հանդես գալիս «Բետիսում», որտեղ տեղափոխվել է «Լիոնից»։

Բացի հարձակման գծից, կատալոնական ակումբն ուժեղացնում է նաև պաշտպանությունը։ «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան 2022-ի ամառվանից հանդես կգա «Բարսելոնայի» կազմում։ Ֆուտբոլիստը նախնական պայմանագիր է կնքել կապտանռնագույնների հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Եթե «Բարսան» ձեռք բերի Ֆեկիրին, ապա հնարավոր է հրաժարվի իր հարձակվողներից մեկի ծառայություններից։ «Նապոլին» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի համաձայն՝ նեապոլյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 28-ամյա հարձակողի հետ, որպես փոխարինող Լորենցո Ինսինյեին, ով ամռանը կտեղափոխվի «Տորոնտո»։ Նշվում է, որ «Բարսան» բաց է այս գործարքի համար, չնայած Մեմֆիսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ցանկանում է աստղային հարձակվող ձեռք բերել իր թիմի համար: Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կքննարկեն հետևյալ խաղացողների թեկնածությունը՝ Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ), Ալեքսանդր Իսակ (Ռեալ Սոսյեդադ), Լաուտարո Մարտինես (Ինտեր) և Պատրիկ Շիկ (Լևերկուզեն Բայեր): Ռանգնիկն ավելի վաղ ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ձեռք բերի հնարավորինս  ուժեղ կենտրոնական հարձակվողի: Բացի այդ, չի բացառվում, որ Պոչետինոյի՝ ՄՅՈՒ-ն գլխավորելու դեպքում, թիմը կդիտարկի նաև Հարի Քեյնի թեկնածությունը։

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլմանսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է 90min-ը: Հինգ ակումբներ ակտիվորեն հետևում են բելգիացու հետ կապված իրավիճակին։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Արսենալի», «Վեսթ Հեմի» և «Նյուքասլի» մասին է։

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեռ ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը: Ըստ լուրերի՝ մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությանը չիլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել: Վիդալի  պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա ամառ։

«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը կարող է ամռանը փոխել ակումբը: 22-ամյա նիդեռլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և կատալոնական «Բարսելոնան», հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» դիտարկում է դե Լիխտին վաճառելու տարբերակը, եթե չկարողանա նրա գործակալի հետ համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: Մաթեյսի գործող պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: «Բարսելոնան» պատրաստ է 75 մլն եվրո առաջարկել դե Լիխտի համար, իսկ «Չելսին» կփորձի գերազանցել այս գումարը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկա ամռանը կհեռանա անգլիական թիմից` ազատ խաղացողի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Կարմիր սատանաները» 34-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր չեն առաջարկի։ Կավանին ցանկանում է իր ուժերը փորձել Լա Լիգայում, որտեղ դեռևս հանդես չի եկել։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալները կփորձեն նրա համար ակումբ գտնել Իսպանիայում, բայց վերջնական որոշումը Կավանին կկայացնի ոչ թե հիմա, այլ առաջիկա ամիսների ընթացքում։ Էդինսոնը մտադիր չէ տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։

Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» մտադիր է ակտիվացնել «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հետգնման պայմանագրային կետը, հայտնում է Goal-ը։ Իսպանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 2020 թվականի սեպտեմբերին։ Մադրիդցիները կարող են նրան վերադարձնել 27,5 միլիոն ֆունտ ստեռլինգով․ այդպիսի կետ է նշված եղել ֆուտբոլիստի պայմանագրում: «Ռեալը» կփորձի օգտվել հնարավորությունից 2022 թվականի ամռանը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը, հայտնում է աղբյուրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել