Hraparak.am-ը գրում է.

Մինչ Գյումրու ավագանու վերջին նիստին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հավաստիացնում էր, թե շատ շուտով թափառող շների հարցը օրենքի սահմաններում լուծում է ստանալու, քաղաքում պատկերը զարհուրելի է։ Մի քանի օր է, ինչ Գյումրու  տարբեր թաղամասերում հայտնաբերվում են գլխատված ու վիրավոր շներ։ Տեսարանը բնակիչների, առավել ևս երեխաների համար սարսափեցնող է։ «Եթե դա պատկան մարմիների կողմից չի արվում, ուրեմն Գյումրիում անարգել շրջում են զենքով տարբեր մարդիկ, ինչպես նաև շներին գլխատող մանյակներ․․․ Ոչ մեկին չի  հուզո՞ւմ, որ վերջերս անընդհատ զենք է կիրառվում քաղաքի փողոցներում , և շների մասնատված գլուխներ են հայտնվում շենքերի բակերում ։ Եթե ինչ որ մեկի համար սա նորմալ է, ուրեմն ինքը վտանգավոր է հասարակության համար ու հոգեպես շեղված։ Բայց այսպես չի մնալու, դեգրադացված տանել, վառել, սպանել, վերացնել կոչ անողների ասածը չի անցնելու»,-նշում է ահազանգած քաղաքացիներից մեկը։

Գյումրու համայնքապետարանից վստահեցնում են, որ թափառող շների հարցը կրկին ստերջացման միջոցով է լուծում ստանում, քանի դեռ լուծված չէ կացարանների հարցը։ Արդեն գործարկվում է ստերջացման ծրագրի երկրորդ փուլը։ 70-մյա տիկին Էլմիրան , որ իր խնամքի տակ է առել 10-ից ավել շուն, մեզ հետ զրույցում ասաց․« Տեղյակ եմ, որ քաղաքապետը ժողով է արել, ավագանիների հետ համաձայնել են հավաքել շներին, տանել, ստերջացնել։ Նույնիսկ շներին հավաքող ավտոմեքենայի համարանիշն են ինձ ասել, որը ես մտապահել եմ։ 3 օր առաջ, տեսնեմ՝ 2 երիտասարդ ընկել են իմ Արջուկի՝ սպիտակ շունիկիս հետևից, ուզում էին բռնել ։ Ասում էին՝ տանենք ստերջացնեն, կբերենք։ Ես մեքենայի համարանիշը ստուգեցի, իսկապես իմ գիտեցած համարն էր։ Բայց հիմա քաղաքում լրիվ ուրիշ բան է կատարվում։ Ամենուր սպանված շներ են, ես ամեն մեկի համար չեք պատկերացնում, թե ինչ ցավ եմ ապրում, հոգեկանս խանգարվում է ։ Երեկ գլխատված 2 շուն էլ 58 թաղամասում՝ եկեղեցու մոտ էին գցել։ Ովքեր են հեղինակները՝ չգիտեմ։ Մի բան արեք, խնդրում եմ, այս վայրագությանը վերջ պիտի դրվի»,-խնդրեց տարեց կինը։

Գյումրիում ձևավորված կենդանասերների ակումբի անդամ Աշխեն Հարությունյանի խոսքերով՝ թափառող կենդանիների նկատմամբ իրականացվող սպանդը զարմանալիորեն համընկավ վերջերս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից արված առաջարկի հետ։ Նշենք, որ մարզպետն առաջարկում էր ստորագրահավաք անել՝ սպանդն արգելող օրենքը չեղյալ հայտարարելու համար։ Ինչպես նաև նշում էր, թե խնդիրն առկա է մարզի բոլոր համայնքներում, հարցը լուծում չի ստանում, շների համար ապաստարան կառուցելն էլ ծախսատար է ։ Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման օրինագիծը:

«Ես կարծում եմ, որ տիկին մարզպետը խոսեց, մի քանի հիմարներ էլ ոգևորվեցին, մտածեցին՝ կարող են իրենց թույլ տալ եւ շների հարցն այդ կերպ լուծել՝ գնդակահարել, գլխատել, թողնել շենքերի ու փողոցների բակերում, հեռանալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ երբ դիմել են ոստիկանություն, ստացել են անորոշ ու տարօրինակ պատասխան։ « Ասել են՝ գայլերն են հոշոտել շներին։ Իհարկե անհեթեթ արդարացում էր, ոչ մի կերպ չեմ հասկանում, թե այդ դաժանությունն ինչպես կարելի է տանել։ 58 թաղամասում գլխատված շներ էին գտել, որտեղ կա գործող ռեստորան, եւ տեսախցիկները հստակ կարող էին ֆիքսել, թե ովքեր են հեղինակները, բայց ոստիկանությունը դրան էլ չի արձագանքում, բացարձակ անտարբերություն է դրսևորում։
Բոլորս էլ հասկանում ենք, որ թափառող շները խնդիր են քաղաքում, հատկապես երեխաների համար, բայց այսպիսի դաժան ձևով հարցի լուծում․․․․, իսկապես ակնկալելի չէր»,-ասաց կենդանասերների ակումբի անդամը։

Գյումրիում շների նկատմամբ իրականացվող սպանդին անդրադարձել է նաև թափառող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող « Դինգո թիմը»՝ ահազանգելով․«Եթե այս կրակոցների հեղինակը համայնքապետարանը չէ, ապա ինչո՞ւ ոստիկանությանը, համայնքապետարանին և մյուս պատկան մարմիններին չի հուզում, որ քաղաքի մեջ շրջում են զենքով մարդիկ․․․ 
Սա միանգամից մի քանի օրենքների խախտում է՝ ինչպես կենդանիների սպանդն արգելող օրենքի, այնպես էլ բնակելի վայրում զենք կիրառելու օրենքի»։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այն ինչ կատարվում է Գյումրիում, ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի գաղտնի հանձնարարականն է համայնքապետերին։ Քանի որ թափառող շների հարցը վերջին շրջանում մեծ թափ է առել, մարզպետը հարցի լուծման վերջնական տարբերակ է գտել։ Հենց այդ պատճառով ոստիկանությունը փորձում է աչք փակել եւ չմիջամտել անօրինականությանը։

Փորձեցինք զրուցել Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ, սակայն երկուսն էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։ Ի դեպ, տեղեկացանք, որ մարզպետն ու քաղաքապետը միասին այսօր ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։

Հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։

«Ի տարբերություն Գյումրու, քույր քաղաքներում կենդանիները պաշտպանված են օրենքով, և հավատացեք, եթե սեփական կատվին հարվածելու համար հայտնի մարզիկի են ամբողջ աշխարհում պարսավանքի ենթարկում և պայմանագրեր չեղարկում, ապա Գյումրու հետ չգիտեմ, թե ինչպես կվարվեն»,- նկատում է քաղաքացիներից մեկը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել