Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի ջրափրկարարների խումբը։ Օպերատիվորեն  ժամանել են նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։  Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։  Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։    Օպերատիվորեն են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան։  Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։  Մահացածների դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ 

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ այնտեղից դուրս բերելու համար պետք է օգտագործվի վերամբարձ կռունկ և քարշակ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը;  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել