Aravot.am-ը գրում է․

Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։

Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը  արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել է ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատվել է մաքսատուրքից  ներդրումային ծրագրի շրջանակներում։ Այս ընկերության ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսին հրապարակվել է լուսանկար, որտեղ Նարեկ Նալբանդյանը Սեւանա լճի ափին շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ է։

Նախարարության տվյալ օրվա հաղորդագրության մեջ հիշատակվում է Սեւանա լճի հանրային լողափում կատարված աշխատանքները, նշվում է, որ ընկերության աշխատանքներից տպավորված է նախարարը, սակայն նշված չէ, թե որ ընկերությունն է։ 34-ամյա Նարեկ Նալբանդյանը «Ման հոլդինգ»-ի 100% բաժնետերն է։ Ընկերության նկատմամբ  անցյալ տարի հարկային պարտավորությունները չկատարելու համար ՊԵԿ-ի համապատասխան վարչությունում վարչական վարույթ էր հարուցել, եւ որոշում կայացվել ընկերությունից գանձել 1296678  դրամ։

Այս ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում-վարձակալությամբ եւ այլ գործառնություններով։ Նարեկ Նալբանդյանը 100% բաժնետեր է նաեւ «ՆՆ Տրանս» ՍՊԸ-ի,  «Նոր Լուսակերտ» (թռչնաֆաբրիկա) ՍՊԸ-ի եւ «Թռաքս սերվիս» ՍՊԸ-ի ըստ (Ավտոտեխսպասարկման խոշոր սերվիս, ավտոպահեստամասերի առեւտուր), իսկ «Եղվարդի համակցված կերեր» ընկերության 50% բաժնետերն է, մեկ այլ ընկերությունում էլ՝ «Ման Փեինթս»-ում՝ 51%։ Վերադառնալով «Գոլդեն Փելես»-ին՝ հիշեցնենք՝  2018-ի հոկտեմբերին ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։

Ըստ քրգործի, Ավետիսյանը զբաղեցնելով մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ՝ իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։  Հետո Ավետիսյանը, ինչպես հայտարարել էր,  հյուրանոցը նվիրեց պետությանը։

«Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ն գնահատվել էր մոտ 7 մլրդ դրամ:

ԱԱԾ-ում քննվող վերընշված քրեական գործի վարույթը կարճվել է 2019-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել