News.am-ը գրում է․

Այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է, որ ամենաթողություն է տվել ապահովագրական բյուրոյին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ վճարների դեմ վարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղոեկավար Արտակ Խաչատուրովը:

«Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետեւ  այնքան են սահմանափակումներով բարձել, որ գնում են որոշակի քայլերի, որ պարտքերը փակեն: Դրա համար մեր ակցիան ուղղված է ԿԲ-ի դեմ: Երկուշաբթի թանկացումներն ուժի մեջ են մտնում, պատրաստվում ենք այդ օրը ապահովագրական բյուրոյին հիշեցնենք մեր շունչը: Եթե մինչեւ երկուշաբթի բան չմտածեցին, մենք էլ կմտածենք համարժեք քայլեր կձեռնարկենք Բյուրոյի դեմ»,-ասաց նա։

Ակցիայի մասնակիցները չեն հավատում, որ ԿԲ շենքից որևէ մեկը իրենց կմոտենա, իրենց հետ կխոսի։ Դուռն էլ փակ է։

«Գիտեն ակցիայի մասին, տեղյակ են պահանջներին։ Ժամանակ կտանք, թող մտածեն»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ «Չի թանկանալու» պաստառներ են պատրաստել հատուկ բողոքի ակցիայի համար:

«Ապահովագրական պորտֆելը տարեկան կազմում է 22 մլրդ դրամ, մենք ասում ենք՝ հիմնավորեք, որ փոփոխությունից հետո այդ 22 մլրդ դրամը չի գերազանցի: Եթե գերազանցելու է, ուրեմն դիտավորյալ տանում եք թանկացման»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել էին նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել