ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Հարգելի՛ գործընկերներ,

Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Արցախյան երրորդ պատերազմին, դրա հանգամանքներին և հետևանքներին:

2020 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդն առերեսվեց մի աղետի, որ սանձազերծել էր Ադրբեջանը՝ թիկունքում ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Մեկ տարի առաջ մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում՝ ոչ թե հարսանիք կամ փառատոն նկարահանելու, այլ մարդկային կյանքեր խլելու համար: Մեր երեխաներն ու թոռները մտածում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ սիրահարվելու, այլ նաև արգելված զինատեսակների կիրառմամբ այդ մսաղացում ողջ մնալու և Հայրենիքը պաշտպանելու մասին:

Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս անհայրենիք ապիկարներին:

Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ  պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի  աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի.

- Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:

- Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:

-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:

- Այո, այսպիսի ծանր կորուստներից  հնարավոր էր խուսափել:

-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:

-Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք:

Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:

Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:

Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ ու հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի:

Հավերժ փա՛ռք մեր զոհված բոլոր նահատակներին, փա՛ռք նրանց սխրանքներին, խոնարհո՛ւմ նրանց վառ հիշատակին:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

Հայ ժողովուրդը հարցեր ունի ոչ միայն երկրի ներսում՝ թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս բերեց այս պատերազմը, այլև հարցեր ունի երկրից դուրս՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում հանդուրժեց, այդպիսով անուղղակի խրախուսեց ադրբեջանաթուրքական գործակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ագրեսիայի զոհ դարձած Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը վկայող հազարավոր անհերքելի ապացույցներ ու փաստեր են հրապարակվել:

Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:

Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը:

Այսօր էլ` 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չափազանց մտահոգիչ է Սյունիքի և ոչ միայն Սյունիքի շուրջ ստեղծված իրադրությունը, դատապարտելի են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը: Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ և անպատիվ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում իրենց իսկ կողմից ստեղծված խոր ճգնաժամի և վերջին պատերազմի կործանարար արդյունքների  հետևանքով։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը, հատկապես՝ բարձր պաշտոն զբաղեցնողների, լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Բազմաթիվ են դեպքերը, երբ սրանց անհեռատես մտքերը, սեփական ճակատագրական սխալները կոծկելու անհեթեթ պնդումներն այնուհետև օգտագործվում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ:

Այս իրավիճակում, երբ մեր հասարակությունը չի կարողանում հաղթահարել հետպատերազմյան շոկը, վախերը, ընկճախտային տրամադրությունները և դառնում է հարմարվող, պասիվ դիտորդի դեր ստանձնում, քաղաքական ուժերն ու առաջնորդները, ինչպես նաև նրանց աջակիցները, հայրենանվեր երիտասարդները պետք է երկրում փոխեն նման տրամադրությունները, հասարակությանը դուրս բերեն այդ վտանգավոր թմբիրից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել