Ոչ միայն Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի արտաքին, այլ չեմ բացառում, որ նաև Հայաստանի ներսում թշնամական ծրագրված տեխնոլոգիական միջամտության հետևանքով, մեզանում փորձ է կատարվում արմատավորել վերջնական հուսալքություն, որի բաղադրիչներից մեկն այն է, թե իբր ադրբեջանական հասարակությունը մարտական է և անդառնալիորեն հայրենասեր, ուստի իբր պետք է փաստացիորեն հանձնվել Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության քմահաճույքին։
Իրականությունը սակայն, միանշանակորեն, բոլորովին տարբեր է վերոնշյալ գրոտեսկից, իսկ վերջին պատերազմում Բաքվի բռնապետի հաջողության գրավականը ոչ թե ավելի գիտակից հասարակություն ունենալը կամ ավելի հարուստ լինել էր, այլ մարտական գործողությունների գերկենտրոնացված կառավարումը և, որքան էլ ցավալի հնչի, դրան հանդիման մեր կողմից կառավարման տարերայնությունը կամ ընդհանրապես բացակայությունը։
Հենց այս պահին հասարակական մակարդակում միջին վիճակագրական ադրբեջանցին, ըստ էության, մտածում է բացառապես իր առօրյա խնդիրների մասին, որոնք ոչ միայն չեն լուծվել, այլ ավելի են սրվել, որովհետև հաղթական էյֆորիայի մարման խորապատկերին պարզ է դարձել, որ Բաքվի պաշտոնական քարոզչությունը նրան տասնամյակներ շարունակ ուղղակի խաբել է՝ պնդելով թե բոլոր դժվարությունները կապված են Արցախում գոյություն ունեցող հակամարտության հետ։
Այս առումով, ուշագրավ է, որ Բաքվի և էրդողանական վարչախմբերի երազանք «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալը գրեթե բացառապես ռազմաքաղաքական և գաղափարախոսական վերնախավերի ծրագիր է, որն, ըստ էության, չի հետաքրքրում միջին վիճակագրական ադրբեջանցուն, հենց որի վրա էլ պետք է ներազդել մեր ունեցած նաև քարոզչական ողջ գործիքակազմով՝ Բաքվի բռնապետի համար ստեղծելով լրացուցիչ բարդություններ իր իսկ հասարակության ներսում։
Հ.Գ. Կից խտապատկերում ադրբեջանցի մի օգտատիրոջ մեծ թվով հավանումների արժանացած արձագանք է Բաքվի բռնապետի «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին ելույթներից վերջինին, որտեղ գրված է՝ «Աստված է վկա, պետք է ռեալ խոսել։ Այս պահին Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում։ Ժողովուրդը սովից մեռնում էı Ամեն մեկն իր խնդիրներով է; Մի փոր հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել