Այսօր՝ ժամը 11։00-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը, և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

Նիստի սկզբում գործող զեկուցող Էդգար Շաթիրյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները խնդրո առարկայի առնչությամբ, ասաց, որ 6 տասնյակից ավելի փաստաթղթեր է պահանջել պատասխանող Առողջապահության նախարարությունից:

Հաջորդիվ ՍԴ դատավորների՝ գործով զեկուցողին հարցեր ուղղելու ընթացակարգի շրջանակում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մի շարք հարցադրումներ կատարեց, հարցրեց՝ արդյո՞ք պահանջվել են իրեն հետաքրքրող որոշ փաստաթղթեր Առողջապահության նախարարությունից և Դատական դեպարտամենտից, օրինակ. չէին պահանջվել:

Հարցեր ուղղելու իր հնարավորությունից օգտվեց նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ով մասնավորապես նշեց, որ իր հարցադրումներն էական նշանակություն ունեն գործի քննության համար:

ՍԴ մնացած դատավորները գործով զեկուցող Էդգար Շաթիրյանին հարցեր չունեին: Բուն դատաքննության փուլը սկսվեց դիմողի բացատրություններով: Այն ներկայացրեց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով մինչ իր հիմնական ասելիքին անցնելը նշեց, որ ինքն ու իր հարազատները պատվաստվել են, բայց ելնելով ոչ թե հարկադրանքից, այլ գիտակցված որոշումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել