Pastinfo.am-ը գրում է.

Դեռ նախորդ պատերազմի վերքերը չբուժված, դեռ այդ շոկային իրադարձություններից դուրս չեկած, դեռ կորստյան մտքի հետ չհամակերպված ՀՀ-ն կրկին ներքաշվել է պատերազմի մեջ, քանի որ մեր ագրեսոր հարևանն այս անգամ աչք է դրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Այս պահին թերևս պետք է խնդրենք, որ միջազգային հանրությունը կոչ անի, բայց մենք այդ կոչերն արդեն լսել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ կոչերը չեն կանխում մեր որդիների կորուստը, մենք ավելի գործուն քայլեր ենք ակնկալում թե՛ միջազգային հանրությունից, թե՛ մեր ռազմական դաշնակցի կողմից, որը մեզ տարիներ շարունակ համոզել է, հավատացրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա որևէ հարձակում ստանալու է համարժեք պատասխան։ Այսօր հենց այդ իրավիճակն է, հուսով եմ, որ մեր ռազմական դաշնակցի հեղինակությունը, ինչպես նաև՝ կարողությունները կօգնեն վերականգնելու ՀՀ տարածքային անվտանգությունը»,- նշեց Բադալյանը, ապա դիմելով ռազմական դաշնակցին, գործընկերներին նշեց, որ թող վերջիններս չկասկածեն, որ որևէ պայմանագրի ժամանակ ֆիքսված ՀՀ պարտավորությունները կկատարվեին ճիշտ ժամանակին, եթե ունենային մեր օգնության կարիքը։

Դիմելով միջազգային գործընկերներին՝ Բադալյանը նշեց, որ եթե վերջիններիս օգնության ձեռք հարկավոր լիներ, առաջինը ՀՀ-ն էր այդ ձեռքը մեկնելու, իսկ այսօր մենք ունենք այդ կարիքը, այսօր վտանգված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացու ապրելու իրավունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել