Իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասելիք չունի՞։
Ես դեռ չգիտեմ, թե ինչո՞ւ է հրաժարական տվել պաշտպանության նախարարը։ Պատճառները, իհարկե շատ են, իսկ նա ոլորտային առաջնահերթություններն այդպես էլ չսահմանեց, ըստ այդմ՝ լուծումներ տալու կարողություն չուներ։
Բայց հարցն այն է, որ երեկվա միջադեպի անմիջական պատասխանատուն ԳՇ պետն է, իսկ նրա օրոք, հիշեցնեմ, որ ավելի մեծ մասշտաբի տարածքային կորուստ ունեցանք նաև այս տարվա մայիսին։
Հենց ԳՇ պետի անգործության պայմաններում, առաջին գծում ինժեներական/ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու և պատշաճ մարտական հերթապահություն չսահմանելու արդյունքում, թշնամին Սյունիքից-Գեղարքունիք, տարբեր տեղամասերում, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցում ապահովեց։
Կրկնում են՝ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու այնքան հիմք կար, որ նրան կարելի էր մեկ ամիս, օրը մի հիմնավորմամբ պաշտոնից ազատել, բայց դա ոչնչով չի փոխում ԳՇ պետի՝ ծառայության նկատմամբ անտարբերությունը և սահմանների նկատմամբ անպատասխանատու կեցվածքը։
Ճիշտ է՝ չեմ կարծում, որ Փաշինյանն այս ԳՇ պետին դեռ երկար է հանդուրժելու, երբ ժամանակն ու պահը գա կդատեն, կնստեցնեն կամ կճամփեն (չի բացառվում, որ երեքն էլ միասին), սակայն դա նրա համար, այլ հարցերում պատասխանատվությունից խուսափելու առիթ չի դառնա։
Պարոնայք սպաներ, գեներալներ, ովքեր դեռ չեն հասկացել՝ վստահ իմացեք։
Այս իշխանության համար ձեր կյանքն ու ճակատագիրն արժեք չունեն, սրանք պատրաստ են ձեզ հանձնել, դավաճանել, միայնակ թողնել սահմանին, միայն թե իրենց իշխանությունը չճոճվի, անձնական բարեկեցությունը չտուժվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել