Հանրային Հեռուստաընկերության Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանն օրեր առաջ աղմկահարույց գրառում էր կատարել իր էջում` վիրավորելով Ճակատեն գյուղում անցակետ դնելու մասին հրապարակումների հեղինակներին: «Աաա, դե լավ էլի, երեկ եմ Ճակատենով անցել, ամեն բան կարգին էր, նույնիսկ շատ կարգին էր ու անվտանգ։Ի՞նչ եք էդքան անիմաստ գրում, մարդկանց սիրտը վախ գցում, ստիպում մարդկանց լքել բնակավայրը։ Հիմա քանի՞ անտեղյակ մարդ ձեր ապուշ գրառումը կտեսնի ու վեշերը կհավաքի․․․ Զզվելի եք ու վերջ»,- գրել էր Հանրայինի թղթակիցը։

Ապա հաջորդ օրը լուսանկարվել էր Ճակատենի ցուցանակի տակ, գրելով` հենց այս պահին անվտանգ անցա ճանապարհով: Հաջորդ օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ճակատենի մոտ թշնամին հերթական մաքսակետն է դնելու եւ համացանցում սկսեցին արձագանքել սյունեցի լրագրողին, գրվեց, որ նա մարզպետի քրոջ դուստրն է: Մենք կապվեցինք Հ1-ի լրագրողի հետ:

Նա նշեց, որ ինքը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ ազգակցական կապեր չունի, բայց «նրան հարգում է իր հոր պես»։ 

- Դուք գրել էիք, որ Ճակատեն- Կապան ճանապարհի Ճակատենի հատվածով անցնելն անվտանգ է, այսօ՞ր էլ եք պնդում, որ անվտանգ է։

- Այսօրվա անվտանգության մասին խոսելը իմ գործառույթը չէ։

- Բայց Դուք նշում էիք, որ անվտանգ է, հիմա ինչո՞ւ չեք խոսում այդ մասին։

- Այո,եթե այդ պահին անվտանգ և առանց խոչընդոտի անցել եմ, բա ի՞նչ պետք է ասեի ։

- Ձեր ֆեյսբուքյան էջում Դուք Արսեն Թորոսյանի հետ նկար եք հրապարակել, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ի օրերից, Դուք ՔՊ-ի անդա՞մ եք, թե՞ համակրում եք կուսակցությանը։

- Արսեն Թորսյանի հետ նկարս մատնանշում է շնորհակալություն բուժաշխատողներին՝ նրա աշխատանքը այդ ոլորտում շատ բարձր եմ գնահատում։ 



- Իսկ «Հանրաքվեին՝ Այո՞»-ն։ 

- Հանրաքվեի արդյունքները փաստել են, որ Հայաստանում բոլորն են «Այո» պատասխանել։



- Այդ հանրաքվեն տեղի չի ունեցել, չեղարկվել է, ինչպե՞ս կարող էին դրան բոլորը «այո» ասել։

- 2018 թվականին հանրության մեծամասնությունը ընդունել է այս կառավարությանը, և այդ հանրաքվեն էական տարբերություն չէր ունենալու, հետևաբար ընդունում եմ, որ այն տեղի է ունեցել:

- Լավ, իսկ ինչ եք կարծում՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողը չպիտի՞ քաղաքական չեզոքություն դրսևորի։

- Քաղաքական չեզոքություն պետք է պահպանի ցանկացած լրագրող։

- Հիմա Դուք պահպանո՞ւմ եք քաղաքական չեզոքություն։

- Գիտեք՝ ես ապրում եմ Սյունիքում, իմ ընտանիքն այստեղ եմ կառուցել՝ սյունեցու կին եմ, և ինձ համար շատ կարևոր է, որ Սյունիքը լինի անվտանգ, իմ երեխաները մեծանան անվտանգ միջավայրում և ոչ մի սյունեցի չլքի իր տունը՝ կեղծ և խուճապ տարածող լուրերից: Ես գրեթե ամեն օր անցնում եմ սահմանային տարածքներով, լինում եմ սահմանային գյուղերում և տեսնում եմ, որ մեր կառավարությունը ինչ մեծ, հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում և չեմ կարող դրա մասին լռել ու չգոռալ, որ լավ է լինելու, միշտ էլ լինում են դժվարություններ, բայց դրանից պետք չէ հուսահատվել, լքել հայրենիքը, թողնել տունը... չի կարելի, անթույլատրելի է ամեն օր ասել, թե Սյունիքը տարան, Սյունիքը տվեցին, մենք այդպես դատարկում ենք գյուղերը ու գնում դեպի ծայրահեղության։

- Դուք հիմա Սյունիքը անվտա՞նգ եք համարում։

- Դուք քանի՞ անգամ եք Սյունիքում եղել։

- Բազմիցս, դա ի՞նչ կապ ունի։

- Գիտեք, երեկ իմ նկարի տակ մեկը գրել էին՝ սուտ է դա, ֆոտոշոփ է, ես ուզում եմ ասել, որ տանից նստել ու ասել՝ Սյունիքը տվեցին, շատ անտրամաբանական է: Հարցեր կան, որոնց պատասխանները 20 տարի առաջ պետք է լուծվեր, իսկ այսօրվա կառավարությունը Սյունիքի համար անասելի բարդ խնդիրներ է լուծում, անպատմելի լայնածավալ շինաշխատանքներ է իրականացնում: Պատերազմից հետո այստեղ է ապրում վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը և ամեն օր շրջում է սահմանային գյուղերով ու մտահոգվում յուրաքանչյուրի հոգսերով, լուծումներ տալիս անլուծելի հարցերին: Ես վստահ եմ, որ ամեն բան հաղթահարելի է, պարզապես պետք է լինել միասնական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել