Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանականերում գոյություն ունեցած սահմաններն են և մենք ելնում ենք այդ տրմաբանությունից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե դելիմիտացիա և  դեմարկացիա տեղի չի ունեցել, ինչի հիման վրա են շեշտում, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհատվածի այն հատվածում է մաքսակետեր դնում, որը իրենցն է։

«Հասկանալի է, որ սահմանզատման և սահմանագծման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը առավել հստակեցնելու համար առաջարկել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ հիմա ՀՀ քաղաքացին Գորիս-Կապան ճանապարհահատվածի  ադրբեջանական հենակետերով ի՞նչ ընթացակարգով է անցնելու, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, Ադրբեջանը դեռ  ընթացակարգի մասին չի տեղեկացրել։

«Բայց տրամաբանությունը հուշում է, որ կարող է վճար լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել, բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կառուցված է, Տաթև-Կապան ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, բացված է, ապա բնականաբար քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որ օգատագործեն այդ ճանապարհը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել