168.am-ը գրում է․

«Ինձ հետաքրքրում է, թե ինչպես եղավ, որ պաշտպանության բյուջեն 2020 թվականին 387 միլիարդ էր, հիմա դարձավ 345 միլիարդ, այսինքն՝ արդյո՞ք անվտանգային սպառնալիքները նվազել են, թե՞ ոչ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորի հարցերը, սակայն, այսքանով չավարտվեցին. նա փորձեց ճշտել, թե ինչու է ոստիկանության բյուջեն 63.8 միլիարդից դարձել 66.6 միլիարդ դրամ, ինչու են տարընթերցումներ առաջացել ԱԺ ուղարկված և Կառավարության կայքում տեղադրված փաստաթղթերում, և, թե ինչ հիմնավորում ունի պետբյուջեում ցուցանիշներում արտացոլված գործադիրի լավատեսությունը.

«Ձեր քվեարկած փաստաթղթում Արցախին նախատեսված աջակցությունը 144.5 միլիարդ դրամ էր, այն փաստաթուղթը, որն ուղարկել եք Ազգային ժողով, 144 միլիարդ. ուզում եմ հասկանալ՝ կես միլիարդն ինչի՞ ափսոսեցիք Արցախին միջպետական վարկ տրամադրելու համար:

Ուզում եմ հասկանալ՝ էդ լավատեսությունը, որ ՀՆԱ-ն 7 տոոսով կաճի, ինչի՞ց է գալիս. Նույնիսկ նկարը, կամ հավանականությունների բաշխումը, որը ներկայացրել եք փաստաթղթում, պարզ վիճակագրության, էլի 7 տոկոսից ավելի ցածր է: Այսինքն՝ ինչո՞ւ հենց 7 տոկոս և ոչ թե, ասենք, 6 տոկոս. ինձ մոտ այն կարծիքն է առաջանում, որ քանի որ ծրագրում այդ թիվն եք նշել, դրա համար ուղղակի 7 տոկոս եք դրել-բարձրացրել:

Շատ խոսվեց կապիտալ ծախսերի մասին. անտարակույս, կապիտալ ծախսերը շատ կարևոր են: Դուք ասացիք, որ նախորդ ժամանակները մենք քիչ էինք դնում, իսկ այդ քիչն այնքան շատ չէր, որ տնտեսության վրա էական ազդեցություն ունենար. համաձայն եմ, իհարկե, բայց ես չեմ հիշում, որ այդ քիչը նույնիսկ 100 տոկոսով կատարված լինի: Այսինքն՝ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ մենք քննարկում էինք 2021 թվականի բյուջեի կատարողականի մասին տեղեկանքը և էլի տեսանք, որ թերակատարումն էական է: Ի՞նչ պետք է փոխվի, որ հունվարի մեկից երկու ամիս 5 օր հետո, մեկ էլ այսքան հսկայական կատարողականը մեծանա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահեցրեց՝ միայն հանրային ներդրումներով մեծ աճ հնարավոր չէ ապահովել և անհնար է միայն ճանապարհ ասֆալտապատելով հասնել հաջողության:

Արթուր Խաչատրյանն իր հարցաշարում անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-վարչապետի աշխատակազմ հայտնի գործարքին՝ նշելով. «Շահաբաժիններից ստացվող եկամուտների ավելացումը գնահատել եք մոտ 6 միլիարդ. Վարչապետի աշխատակազմի ղեկավարության տնօրինությանն անցավ ԶՊՄԿ-ի 15 տոկոսը, արդյո՞ք այդ ԶՊՄԿ-ի 15 տոկոսն ընդամենը 12 միլիարդ դրամ գումար է գեներացնելու»:

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը նախագահող՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը արձագանքեց Արթուր Խաչատրյանի՝ Արցախին նախատեսված աջակցության մասին հարցին՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա բյուջեներում միջպետական վարկի չափը եղել է 40-60 միլարդ: Ըստ նրա, երբ խոսում են 84 միլիարդով ավելացման մասին, ապա կես միլիարդի խնդիրը պետք է դիտարկել՝ որպես տեխնիկական հարց:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր պատասխան ելույթում նախ խոսեց ԶՊՄԿ շահաբաժինների մասին.

«Ձեր նշած շահաբաժիններից պետական բյուջեում եկամուտներ կանխատեսվում են այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է 100 տոկոս պետական սեփականությամբ կազմակերպության կողմից շահաբաժինների վճարմանը, ինչո՞ւ, որովհետև այդ դեպքում է, որ կառավարությունը՝ որպես բաժնետեր, որոշում է կայացնում՝ շահույթի որ մասը բաշխի, որ մասը չբաշխի: Հետևաբար, ձեր նշած գործարքի հետևանքով, թե որքան շահաբաժիններ կվճարվեն առաջիկայում պետական բյուջե, պետական բոյուջեի այդ տողով կանխատեսվել կամ գնահատվել չի կարող»,- պարզաբանեց նախարարը, ապա անդրադարձավ պետություն-ձեռնարկատեր ֆոնդի գործունեության վերաբերյալ պատգամավորի մտահոգություններին և վստահեցրեց, որ պետությունն իր առջև նպատակ չի դրել ստեղծել կառույցներ և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

«Հակառակը՝ այդ ֆոնդը և «Անիֆ» հիմնադրամն ընդանրապես ստեղծվել են այն պատճառով, որ դժվար տնտեսական (հատկապես համավարակի հետևանքով առաջացած իրավիճակ էր) պայմաններում խթանեն այն մասնավոր նախաձեռնությունները, որոնք այլապես տեղից չեն շարժվի, եթե պետությունը որոշակի քայլեր չկատարի»:

Կապիտալ ծախսերի առնչությամբ Արթուր Խաչատրյանի՝ «միայն ճանապարհներ սարքելու» գնահատականի հետ Տիգրան Խաչատրյանը համակարծիք չէր:

«Պետությունը միայն ճանապարհներ չի սարքում, պարոն Խաչատրյան, այնտեղ բազմաթիվ բաներ կային»,- ասաց նախարարը և փորձեց պատասխանել հնչեցված հաջորդ՝ ինչո՞ւ 7 տոկոս հարցին,- Ի՞նչն է տնտեսական աճի կանխատեսման առարկայական հետևանքը. հարկման բազայի նկարագրությունը և դրան համապատասխան՝ գալիք տարվա հարկային եկամուտների թիրախը սահմանելը: Հիմա մենք 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը չենք վախեցել՝ ամրագրել ենք, դրան համապատասխան հարկային եկամուտներն էլ հաշվեգրել ենք, և դրանց համապատասխան՝ ծախսեր ենք նախատեսել բոլոր այն քննարկված ուղղություններով, որոնք արդեն հիշատակվեցին:

Եթե մենք հանկարծ ինչ-որ պատճառով հարկերը չկարողանանք հավաքել, որովհետև աճը կլինի 6 տոկոս, կգանք-կբացատրենք. ԱԺ-ն կամ կհամաձայնի պարզաբանումենրին, կամ ոչ»:

Իր հերթին էլ՝ ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց. «Լավ է, որ կապիտալ ծախսերը շատ են. մտահոգությունն այն է, որ կապիտալ ծախսերը շատ գրել և կապիտալ ծախսեր իրականացնելը լրիվ տարբեր հունար են պահանջում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել