Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում, խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ վերահաստատե՞լ իրենց որակավորումը, թե՞ ոչ: «Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր»,-ասաց նա:

Նա նշեց, թե այս փուլում կամավոր ատեստավորման հնարավորությունը բաց կլինի, կընդլայնվի առարկաների ցանկը:

«Մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն, դա նաև կազմակերպելու խնդիր է: Մենք պլանավորում ենք, որ հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մի անգամ արդեն իրենց աշխատավարձը իրենց որակավորման հաստատմամբ կարողացել են բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ ատեստավորման միջոցով բարձրացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ գործընթացը բացառապես կամավոր է լինելու:

«Մեր հաշվարկներով՝ գործընթացի ամբողջ շղթան փակելը կտևի 3-4 տարի: Այդ ընթացքի արդյունքներով կարձանագրենք, որ ՀՀ «իքս» թվով ուսուցիչներ անցել են ատեստավորման գործընթացը և, եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչու ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, երբեմն էլ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե արդյունքում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ավարտվել է սեպտեմբերի 26-ին:

«Կամավոր ատեստավորման համար, ընդհանուր առմամբ, դիմել էին ՀՀ 1372 ուսուցիչներ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցել են 996-ը՝ դիմողների 72.6 տոկոսը: 996-ից 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի աշխատավարձը կազմում է շուրջ 125 000 դրամ, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 000 դրամով, 40 տոկոս ստացածներինը՝ 50 000 դրամով, 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով»,-ասաց նա:

Վարչապետն արձագանքեց՝ այսինքն՝ 468-ը հաղթահարել է, 538-ը՝ ո՞չ, Դումանյանը դրական պատասխան տվեց, մինչդեռ, եթե մասնակիցները 996-ն են, ապա շեմը չի հաղթահարել 528-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել