Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Օսլոյում կայացած աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը մեկ մեդալ նվաճեց՝ ի դեմս աշխարհի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանի։

Հիշեցնենք՝ բացի Ամոյանից, աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրայր Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ),Գեղամ Թորգոմյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

«Թիմային պայքարում գրավեցինք 8-րդ տեղը: Կարելի է ասել՝ հանդես եկանք լավ և ոչ այնքան լավ: Բոլորից ունեինք սպասելիքներ, բայց միայն Մալխասին հաջողվեց մինչև վերջ հաղթանակներ տանել՝ շատ վստահ, գեղեցիկ: Հախոյանն ու Ղարիբյանը մոտ էին մեդալների, բայց չստացվեց:

Ինչ վերաբերում է Մալխասին, ապա պետք է ասեմ, որ մեծ սպորտում մանրուքներ չկան, ամեն ինչ վճռորոշ է՝ թե վերաբերմունքը գոտեմարտերին, թե ռեժիմը, կարգապահությունը: Մալխասի պարագայում այս ամենը մեծ դեր ունեցավ»,-նշել է Էդուարդ Սահակյանը։

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը ևս ընգծել է, որ Ամոյանի հաղթանակը սպասելի էր.

«Մալխասի որակները փոքր հասակից էր երևում: Նա քրտնաջան աշխատում է, գրագետ գոտեմարտեր է վարում, ավելի գրագետ, քան տարիքով ըմբիշներից շատերը: Սպասում էինք, որ Եվրոպայի չեմպիոն էլ կդառնա, բայց ոչինչ, սկսեց աշխարհով ու վստահ ենք՝ կշարունակի հաջողությունները: Նա մեծ պոտենցիալ ունի։

Մալխասի պարագայում ոչ մի մտավախություն չունեինք, վստահ էինք, որ ոսկին մերն է լինելու: Մալխասը շատ գրագետ գոտեմարտեց ու հաղթեց»,- ասել է Սամվել Գևորգյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել