Tert.am-ը գրում է․

Tert.am-ը հրապարակում է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որում հեղինակը անդրադառնում է 2022 թվականի պետբյուջեի նախագծին և նշում՝ այն հակասոցիալական է:

Հոդվածը՝ ստորև.

Սոցիալապես խոցելի խմբերի քաղաքացիների (աղքատ ընտանիքներ, աշխատող աղքատներ և այլն) իրական եկամուտների նվազման ֆոնին շարունակում է աճել աղքատության մակարդակը՝ 2019 թվականին աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Իսկ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020 թվականին այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

2020 թվականի հունվարի 1-ից հետո անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելացել։ 2021 թվականի հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով, իսկ միջին գները 6,4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Աղքատություն ծնող հիմնական գործոնները շարունակում են պահպանվել նաև 2021 թվականին՝ իրենց իրական հետևանքներով։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկած վերջին ցուցանիշներով ևս արձանագրվում են գների առաջանցիկ աճի տեմպերը։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա համեմատ 2021 թվականին յուրաքանչյուր հաջորդ ամիս գրանցվող գնաճն ավելի բարձր է, քան նախորդ ամսում գրանցվածը։

Օրինակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների (ՍԳԻ) միջին աճը կազմել է 6,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվար-օգոստոսին՝ 6,4 տոկոս, իսկ սննդամթերքի գները՝ համապատասխանաբար 10 տոկոս և 9,3 տոկոս։

2020 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 2021 թվականի սեպտեմբերին սննդամթերքի միջին գներն աճել են 15,4 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է առավել բարձր տեմպով։ Օրինակ՝ բանջարեղենի գնաճը կազմել է 64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ 55,1 տոկոս, ձու՝ 27,4 տոկոս, յուղերի և ճարպերի ապրանքախումբ՝ 27,1 տոկոս, խոզի միս՝ 40,2 տոկոս և այլ։

Շարունակական գնաճի հետևանքով ավելանում է նաև մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ 2021 թվականի 2-րդ եռամսյակում վերջինս կազմել է 70044 դրամ և արդեն իսկ գերազանցում է նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը (68000 դրամ)։

2022 թվականի պետական բյուջեի նախագծում ևս անհրաժեշտ նվազագույն չափով հաշվի առնված չեն նաև գնաճի սոցիալական ծանր հետևանքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել