keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Եթե չեմ սխալվում, ականապատ տարածքների քարտեզների մասին է խոսքը, որտեղ դիրքեր է գրավում Ադրբեջանը, որոնք մեզ պետք չեն». Վահե Ղալումյան

visibility 664 commentմեկնաբանել

Lurer.com-ը գրում է.

«Այսօրվա իշխանությունը երբեք չի խոսել Հայաստանի տարածքների հանձնման մասին, իշխանությունը խոսել է սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտության մասին, եթե այդ պրոցեսն սկսված չի, գնի մասին չարժե խոսել, պետք է աշխատել եւ փորձել հասնել առավելագույնին»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Հարցին՝ եթե որևէ գործընթաց չկա, ապա ի՞նչ իրավունքով էր խոսում «անկլավների» մասին, Վահե Ղալումյանը պատասխանեց.

«Ես անկլավների մասին չեմ խոսել, ավելորդ եմ համարում դրան ևս մեկ անգամ անդրադառնալ։ Ես անկլավ բառ չեմ օգտագործել»։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ծնկած վիճակում բանակցելը հարմար դիրք չի, Ղալումյանը արձագանքեց.

«Էդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում այդ կարծիքը: Այո, պարտված ենք համարում իշխանությանը, ինչպես նաեւ ընդդիմությանը եւ ամբողջ պետությանը»:

Անդրադառնալով նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի այն հայտարարությանը, թե ոչմիթիզականներ էին, իսկ այժմ դարձել են ծնկաչոք, Վահե Ղալումյանն ասաց, որ անհրաժեշտություն չի տեսնում Ջուլֆալակյանի ասածները մեկնաբանելու։

«Ես Արսեն Ջուլֆալակյանի ասածները  մեկնաբանելու անհհրաժեշտություն չեմ տեսնում: Մեր գործընկերն է եղել, հենց դրա համար էլ այժմ մեր գործընկերը չէ։ Նա որտեղից է ահազանգում՝ Ամերիկայի՞ց, ասեք, թող հանգիստ իր գործերով զբաղվի»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է բոլոր քարտեզները տրամադրել, եթե Ադրբեջանը վերադարձնի բոլոր գերիներին, Ղալումյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում ականապատված տարածքների քարտեզների մասին է խոսքը, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի այսօրվա դիրքերի թիկունքում, որոնք մեզ պետք չեն եւ կարելի է մարդասիրական մղումներից ելնելով քարտեզները հանձնել՝ փոխարենը ստանալ բոլոր գերիներին:

Դե պետք է երաշխիք ունենալ, նոր քարտեզները տալ: Պետք է փորձել, նորից գնալ: Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չեն տա»:

ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ թեեւ չգիտի հայ գերիների թիվը, բայց հաստատ նրանք մի քանի հարյուր չեն:

Նա նշեց, որ վերջին անգամ Որոտանի հատվածով անցել է հունիսին եւ իրեն անվտանգ է զգացել.

«Սահմանային խնդիրներ միշտ եղել են եւ մինչեւ սահմանազատում, սահմանագծում չարվի, այդ խնդիրները լինելու են:

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ: Այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են ադրբեջանական տարածքով: Դա ես չեմ ասում, քարտեզներն են նշում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝