Hraparak.am-ը գրում է.

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի ձերբակալության թեմային, ասել էր, թե չի բացառում, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին եւս իրավապահներն անդրադառնան, բայց ո՛չ այս գործի շրջանակներում։ Առիթն օգտագործելով՝ Տիրան Խաչատրյանին հարցեր ուղղեցինք նաեւ Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հետո՝ վարչական դատարան դիմելու եւ այլ թեմաներով։

Պարոն Խաչատրյանը կեսից մեր հարցերն ընկալեց որպես իրեն կամ գեներալիտետին ուղղված մեղադրանք եւ բորբոքվեց՝ տեղ-տեղ անցնելով կոռեկտության սահմանները։ Ռազմական ուղի անցած գեներալի նմանօրինակ պահվածքին փորձեցինք ըմբռնումով մոտենալ՝ դա վերագրելով ավելի շատ պատերազմից հետո առաջացած հուզական ֆոնին ու գուցե նաեւ անզորությանը, որ գեներալի ուսադիրներ կրելով հանդերձ՝ չեն կարողացել պատերազմի նմանօրինակ ելքը կանխել։

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում մեր գեներալիտետի վարքը, պահվածքը պատերազմից հետո, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ու իրեն աշխատանքից ազատելուց հետո վարչական դատարան դիմելը։ Նորմա՞լ է այդ ամենը։

- Այո՝ որոշակի վերապահումներով։ Դուք ընդհանուր հարց եք տալիս։ Կոնկրետ գեներալի մասին, ինչ-որ մեկին վերաբերող հարց կա՞։

- Կոնկրետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը նոյեմբերի 9-ից հետո՝ Հայրենիքի փրկության շարժման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, բայց հետո պարզվեց, որ այդ հրաժարականը «պետք է պահանջի» վարչական դատարանում։ Եվ դա շատ քննադատվեց, քանի որ ԳՇ պետից ակնկալիքներն այլ էին։

- Դուք ճիշտ չեք ներկայացնում, հրաժարականը պահանջվել է, իսկ վարչական դատարան Օնիկ Գասպարյանը բոլորովին այլ հարցերով է դիմել։

- Այո, պաշտոնից ազատման հարցով է դիմել, պարզապես ստացվեց, որ մարդիկ նրանից սպասում էին, որ նա, պատկերավոր ասած` «տանկը խոդ տար ու գնար կառավարության շենք՝ Փաշինյանին հեռացնելու»։

- Մարդիկ գուցե սպասում էին, որ մի հատ էլ հրթիռային հարվա՞ծ պետք է մենք տեղում հասցնեինք։

- Իսկ երբ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պատերազմը դիտավորյալ տանուլ տալու եւ այլ մեղքերի մեջ․․․

- Ո՞վ է մեղադրում։

- Զինվորականները։

- Ո՞ր զինվորականը։

- Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը։

- Օնիկ Գասպարյանի կողմից այդպիսի մեղադրանք երբեւէ չի հնչեցվել։

- Այդ դեպքում ինչո՞ւ էր պահանջում Փաշինյանի հրաժարականը։

- Իր գործողությունների համար՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում։

- Եթե իր գործողությունների համար պահանջում էր նրա հրաժարականը, ինչո՞ւ հետամուտ չի լինում դրա կատարմանը։

- Ո՞վ ասաց՝ չի լինում։ Դատական գործընթաց է, հայցերը ներկայացված են, կարո՞ղ է գնանք՝ դատարանին ասենք՝ էսօր դատն արեք կամ արագ որոշում կայացրեք։ Ունե՞ք Դուք էդ ցուցակները։

- Բայց դատարան լրիվ այլ հարցով է դիմել, ոչ թե Փաշինյանի հեռացման, այլ իրեն պաշտոնից հեռացնելու։

- Փաշինյանի հեռացման հարցով պիտի դատարա՞ն դիմեն, էդպիսի կարգ կա՞, էդպիսի օրենք գոյություն ունի՞։

- Ես էլ դա եմ հարցնում․ եթե պահանջում է հրաժարականն ու ոչինչ չի անում, այդ դեպքում ո՞րն է հրաժարականը պահանջելու իմաստը։

- Ո՞րն էր` ուղղակի անհամաձայնությունը ներկայացնելը։

- Քաղաքակա՞ն անհամաձայնություն։

- Դա ուզում եք՝ դիտեք քաղաքական, ուզում եք՝ դիտեք մարդկային, ուզում եք՝ դիտեք, ընդհանրապես, սոցիալական անհամաձայնություն։

- Պարզապես Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետն էր ու ռազմական գործիչ, ում հետո իշխանությունները մեղադրեցին քաղաքականությանը խառնվելու մեջ, բայց հետո․․․

- Շատ բանում կարող էին մեղադրել, եթե մեղադրեցին, թող էդ հարցով քրեական գործ հարուցեին։

- Նկատի ունեմ՝ նա իր հայտարարությամբ հարվածի տակ դրեց ե՛ւ իր հեղինակությունը, ե՛ւ պաշտոնը ու ոչ մի բանի չհասավ։

- Ոչինչ, տենց էլ ա լինում, ոչ բոլոր ճակատամարտերում են բոլորը հաղթող դուրս գալիս։

- Բա հայրենիքի խնդի՞րը։

- Իսկ Դուք ի՞նչ եք անում հայրենիքի խնդիրը լուծելու համար, պարոն լրագրող, բացի Ձեր էդ դատարկ հարցերը տալուց, ստից միավորներ հավաքելուց․․․ ես վրդովվում եմ, որ դու քո չեղածդ հալով հիմա փորձում ես ինչ-որ մեկին ինչ-որ բանով գնահատական տալ, ասել՝ լավ ա արել, սխալ ա արել, վախկոտ ա, թե քաջ ա։

- Թույլ մի տվեք, որ Ձեզ համարժեք արձագանքեմ, պարոն Խաչատրյան, ես ընդամենը հիշեցնում եմ, որ հայրենիքի պաշտպանության խնդիրը ձեր ուսերին է դրված։

- Իսկ քո ուսերին դրվա՞ծ չի։

- Իմ ուսերին գեներալի ուսադիրներ չկան։

- Ի՞նչ կապ ունի գեներալի ուսադիրը։

- Կապ ունի այնքանով, որ ռազմական գործիչը Դուք եք, ոչ թե ես։

- Իսկ դու ի՞նչ գործիչ ես, ի՞նչ իրավունքով ես ինձ էդ հարցերը տալիս։

ՀԳ․ Զրույցը սրանով ընդհատվեց, սակայն քիչ անց նորից կապվեցինք Տիրան Խաչատրյանի հետ։ Բացատրեցինք, որ չի կարելի կոռեկտ հարցեր ուղղող լրագրողի հետ նման վիրավորական տոնով խոսել, հատկապես, երբ դրանց պատասխանը հետո չի կարողանալու տալ։ Եթե մենք հարգելով իրենց վաստակը երկրի ու բանակի առաջ, խնայում ենք ու այս վիճակի եւ պատերազմում պարտության համար իրենցից հաշիվ չենք պահանջում, չի նշանակում, որ շարքային լրագրողի եւ գեներալի պատասխանատվության աստիճանը նույնն է: Եվ հայրենիքի հանդեպ պարտքն էլ չի կարող սահմանափակվել հայտարարություններով եւ հրաժարականի անորոշ պահանջներով կամ, ինչպես մեր զրուցակիցն է ասում, «սոցիալական անհամաձայնություն» հայտնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել