Hraparak.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի, նրան 2 միլիարդից ավելի չարաշահման մեջ մեղադրելու եւ ձերբակալելու թեմայով զրուցել ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Տոնոյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը, Ձեզ որեւէ կերպ առնչվո՞ւմ է այս գործը։

- Ոչ մի կերպ ինձ չի առնչվում, կապ չունի ինձ հետ եւ չի կարող ունենալ։ Իսկ գնահատելու հետ կապված էլ՝ անհասկանալի է ուղղակի։

- Դավիթ Տոնոյանը ժամանակին այս իշխանության ամենասիրելի դեմքերից մեկն էր, Փաշինյանի թիմակիցները նրա մասին փառաբանող խոսքերով էին արտահայտվում, իսկ այսօր նրան ձերբակալում են ու կալանքի միջնորդություն ներկայացնում։ Սա շատերը գնահատում են որպես հերթական շոու։

- Չեմ կարող ասել, կարող է ինչ-որ անձանց նախազգուշացնելու գործողությունների հետագա ընթացքի հետ կապված քայլ է։

- Ի՞նչ կարգի անձանց, ո՞ր շրջանակներից։

- Էն շրջանակներից, որում նախկինում էս անձինք են եղել։

- ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի՞։ Այսինքն՝ միայն Դավիթ Տոնոյա՞նը չի լինելու թիրախում։

- Այո, բնականաբար։

- Իսկ կարո՞ղ է Դավիթ Տոնոյանը, այսպես ասած, «ժերտվա գնալ» ոմանց քաղաքական նպատակների համար։

- Չեմ կարծում՝ Դավիթ Տոնոյանն էն դեմքն ա, որ նրանց «ժերտվա գնա»։

- Դուք ԱԱԾ-ի հաղորդագրությանը, հավանաբար, ծանոթ եք, որ շուրջ 2.3 միլիարդ դոլարի զենքի գնման չարաշահումներ են հայտնաբերել եւ դրանում մեղադրում են Տոնոյանին։

- Չէ, ես ասացի, որ ոչ մի ձեւով դրան չեմ առնչվում։ Իհարկե, ինչ-որ հրթիռների մասին է խոսքը, դա գիտեմ, բայց ինչ գումարներ են, երբ է կատարվել, ում միջոցով՝ տեղյակ չեմ։

- Ըստ ԱԱԾ-ի տարածած առաջին հաղորդագրության՝ 2011 թվականին կնքված պայմանագիր է եղել, բայց հետո տարածեցին, որ գնումը 2018-2020 թվականներին է կատարվել։

- Եթե ուշադիր եք եղել, ամեն ինչ մանրամասն ներկայացված է, որ դա ի պահ վերցված է եղել, այսինքն՝ ընդունված չի եղել, համապատասխան հանձնաժողովով չի անցել իր անհամապատասխանությունների եւ մնացած այլ հարցերի պատճառով։ Իսկ թե գումարները որտեղից են ծնվել, ում առաջարկով, ինչ ընթացք են ստացել, չեմ կարող ասել։ Երեւի էն, ինչ որ չի գնվել, հետո գնվել է։

- Տպավորություն է, թե սկզբում սլաքներն ուղղում են նախկին իշխանությունների դեմ, հետո պարզվում է՝ այս իշխանության օրոք է այդ ամենը տեղի ունեցել։

- Այո, էստեղ ուրիշ բան չկա։

- Ի դեպ, Դուք հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ եք անում այն պահից սկսած, երբ ազատվեցիք պաշտոնից` հայտնի հարցազրույցից հետո։

- Մեղմ ասած՝ ոչնչով։

- Մտավախություն կամ ռիսկ կա՞, որ Ձեզ էլ կանդրադառնան որեւէ քրեական գործի շրջանակներում կամ գուցե արդեն անդրադարձել են, կա՞ Ձեզ հետ կապված գործընթաց։

- Ոչ, չկա։

- Իսկ չկա՞ ռիսկ, որ Ձեզ էլ կանդրադառնան։

- Եթե վերցնենք իրական իմաստով՝ ոչ։

- Հնարավո՞ր է, որ ներգրավեն նաեւ Օնիկ Գասպարյանին։

- Ոչինչ չեմ բացառում․․․ Է՞ս գործի շրջանակներում նկատի ունեք։

- Ե՛վ այս գործի շրջանակներում, ե՛ւ, առհասարակ, որ հետապնդումների կենթարկվի նաեւ Օնիկ Գասպարյանը։

- Հետապնդումների առումով՝ չեմ բացառում, իսկ էս գործի մեջ՝ չէ։

- Ի դեպ, ստացվում է, որ պաշտպանության նախարարության ամենամեծ կոռուպցիոն գործարքը, եթե հավատանք ԱԱԾ-ի հաղորդագրությանը, տեղի է ունեցել հենց այս իշխանության օրոք, այսինքն՝ մի կողմից մեղադրում են նախկիններին՝ բանակը թալանելու, կոռուպցիայի մեջ, մյուս կողմից՝ այսպիսի փաստեր են բացահայտվում։

- Ես ոչ մի բան չեմ ուզում ասել․ կոռուպցիոն գործարք է եղել, գումար են շորթել, գումար են գողացել, ինչ են արել՝ դա քննություն կլինի, համապատասխան գործընթացներ կլինեն, կարող է ընդհանրապես էդպիսի բան չի էլ եղել։

- Հնարավո՞ր է շինծու լինի գործը, հորինվա՞ծ են այս թվերը։

- Դե, պետք է ամբողջ գործընթացներն ավարտվեն, համապատասխան եզրակացություններ ներկայացվեն։

- Իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, պատերազմից մեկ տարի անց այս ամենը տեղի ունեցավ։

- Դե, կարող է հիմա են էդ տեղեկությանը տիրապետում, հիմա են սկսել զբաղվել։ Հազար բան կարող է լինել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել