Hraparak.am-ը գրում է.

Դպրոցական աշակերտների նման Նիկոլ Փաշինյանի ներս մտնելուն պես` կառավարության անդամները ոտքի կանգնեցին, «դասղեկը» նստեց, իրենք էլ նստեցին, և սկսվեց կառավարության հերթական նիստը: Նիկոլ Փաշինյանը որոշեց հերթական անգամ նախաբան-ելույթով կամ, ինչպես ինքը նշեց, ուղերձով հանդես գալ` 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի ընդունման առիթով: Եվ այդ շրջանակներում Փաշինյանը որոշեց, որ պետք է խոսի ապագայից, ինչ-որ դրական բաներից, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելուց:

«Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետևանքները ու մարտահրավերները: 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը ու բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման ու դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար», - ասաց նա:

Թե ինչ նկատի ունի նա, երբ նշում է, թե հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը, երբ ընդդիմությունը ԱԺ-ում ենթարկվում է հարձակման ու ծեծի իշխանության կողմից, դժվար է ասել:

Հետո նշեց, թե Հայաստանի քաղաքացիները ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա:

Ապա խոսեց անվտանգության ապահովումից, որն իր օրոք գրեթե իսպառ բացակայում է:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չէ իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը», - ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել