Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանական զինծառայողները նախօրեից վերսկսել են հրկիզումները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են: Այրք բնակավայրից այրվող տարածքները հեռու են մոտավորապես 4-5 կմ։

«Արոտավայրերը հիմնականում համարյա թե իրենց բանի (տիրապետության- խմբ․) տակ է։ Վառելուց էլ, որոշ տեղեկում խոտհարքները հետը վառվում են»,- նշեց Շաբոյանը ու մանրամասնեց. «Այն արոտները, որ օգտագործվում են մեր կողմից, կան տարածքներ, որ այրվել են»։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ կրակի տարածմանը ու նույնիսկ մարմանը ազդում են նաև եղանակային պայմանները։

«Լինում է, որ վառում է, հետո իրիկունը, դե քանի որ հիմա խոնավ է, մեկ էլ հանգչում է։ Կա, որ շարունակվում է, հետո երկու օր ընդհանրապես կրակ չի լինում, մեկ էլ նորից վառում են՝ սենց վիճակ է։ Որ ասեմ համատարած դրել վառել են, տենց բան չկա։ Էնպեսա, որ օրվա մեջ ցերեկները վառվում է, իրիկունը հանգչում է»։

Կրակը տարածվում է նաև վարչական տարածքի բարձրադիր վայրերում, որտեղ տեխնիկա չի կարող բարձրանալ, անգամ բնակիչները ոտքով չեն կարողանում բարձրանալ՝ մարելու կրակը։

«էնպես բարձր տեղ կա, որ ոտքով զոռով ես բարձրանում, էնպես չի, որ էնտեղ կարող է տեխնիկա գնալ»։

Նշենք, որ շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհել էին Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք, Նորաբակ և այլն) հարևանությամբ գտնվող արոտավայրերը: Հրդեհները տարածվում էին բարձրադիր վայրերում, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել