Armeniasputnik.am-ը գրում է.
Թե ո՞վ է նախօրեին մասնավոր ինքնաթիռով Թուրքիայից եկել Հայաստան հարցն այսօր հրավիրված ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թողեց անպատասխան։
«Ես չեմ կարող մեկնաբանել տելեգրամյան ալիքներում շրջանառող կեղծ լուրերը։ Դրանք ընդամենը շրջանառվում և այնուհետև բերվում են այսպիսի հարթակներ ու անիմաստ քննարկումների տեղիք են տալիս»,– ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին տելեգրամ– ալիքներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայից Հայաստան մասնավոր օդանավ է ժամանել։ Այն վայրէջք է կատարել Երևանում, ապա նույն օրը վերադարձել Թուրքիա։
Ըստ flightradar հարթակի` թռիչքը մասնավոր է եղել, ուստի հայտնի է միայն, որ այն Երևանից օդ է բարձրացել 16։31-ին։
Ըստ որոշ լուրերի, ինքնաթիռում եղել է Թուրքիայի նախագահի բանագնացը, ըստ ամենայնի` Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև շփումներ տեղի չեն ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել