««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ -ում այս պահին աշխատող և ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեղքը կա արդյոք 44-օրյա պատերազմի մեջ, կամ նա ինչ քայլ է արել, որը մեզ տարել է պարտության: Նշենք, որ, մեր տեղեկություններով, բավականին շատ ցուցմունքներ կան ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ:

Հավելենք, որ Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։

Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը, առնչվում են պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործ վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել