168.am-ը գրում է․

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է՝ Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին:

«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինի Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ»,- հավելել է նա:

168.am-ի հետ զրույցում, սակայն, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այս հայտարարությունը որակեց սուտ՝ մանրամասնելով. «Ուրեմն պատկերացրեք՝  մեր երկրում, մեր հողում Ադրբեջանն ու Իրանը հաշիվ են մաքրում, ու մենք դիտորդի կարգավիճակով նայում ենք ու ինքներս մեզ հանգստացնում, որ դա մեր խնդիրը չէ՞. դա մե՛ր խնդիրն է:

Ու հետո՝ նա սուտ է ասում, թե դա միայն Իրանի և Ադրբեջանի խնդիրն է. այլ խնդիրներ ևս կան: Դուք նկատե՞լ եք, որ միայն նավթատար և նավթամթերքով բեռնատարներն են արգելում. սնունդ չի արգելվում, շինանյութ չի արգելվում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, որովհետև գլխավոր իմքայլականներից մեկը զբաղվում է նավթ-նավթամթերքով, իսկ նրան մրցակից պետք չէ: Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել կամ ողջամիտ կասկածներ հայտնել առ այն, որ դա պատվեր է ՀՀ իշխանության կողմից, պատվեր է՝ ահաբեկել իրանցի բեռնափոխադրողներին, որ նրանք այլևս չգան Հայաստան: Ադրբեջանին հենց դա էլ պետք է՝ միշտ ահաբեկել բնակիչներին, հյուրերին, աշխատողներին և այլոց»:

Ադրբեջանագետը շեշտեց, որ անգամ Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրները չպետք է լուծվեն Հայաստանում. «Մեր հանրապետությունում, մեր հողում նման բան պետք է չլինի, և առաջինն այդ հարցը լուծողը և այդ հարցը կանխողը պետք է անձնապես լինի Անդրանիկ Քոչարյանը»:

Հաշվի առնելով, որ իրանական և հայկական կողմի վերջին պաշտոնական հանդիպումներում արծարծվում է Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակը՝ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ կարող ենք ակնկալել հարցի հանգուցալուծում:

Նա արձագանքեց. «Ուշ թե շուտ որևէ լուծում կլինի, հարցն այն է, թե այդ լուծման արդյունքում ո՞վ՝ ի՞նչ դիվիդենտ կստանա, և հերթական անգամ Հայաստանն ի՞նչ կկորցնի: Իհարկե, այսպես չի մնալու. Ադրբեջանն ու Իրանն իրար մեջ կպայմանավորվեն, բայց Հայաստանն էլի տախտակի դաշտի դերակատարման մե՞ջ է, որ մեր դաշտում ուրիշները գալիս իրենց հարցերն են լուծում՝ անտեսելով մեր շահերը»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ տարածքը, որտեղ հայտնվել են  ադրբեջանական ոստիկանական կետերը, գտնվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքից դուրս, ասել է թե՝ նորմալ է, որ նման իրավիճակների ենք ականատես լինում, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Երբ ադրբեջանցիները կբերեն և իր ննջասենյակի դիմաց կդնեն անցակետ, իր համար այդ ժամանակ էլ նորմալ կլինի, որովհետև նա այնքան չկա, որ խիզախություն ու տղամարդկություն ունենա՝ պաշտպանի իր երկրի շահերը. նա սպասարկում է մեր թշնամիների շահերը, դրա համար դա իր համար նորմալ է, ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են մնացածները լռում:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի օրոք ադրբեջանցիները ոստիկանական անցակետերը դնեին, վառեին դաշտերը, գողանային մեքենաներ և անասուններ, ամենավերջին սարի գագաթի գյուղից «չափաջաղները» ձեռքը գալու էին, հասնեին Երևան: Ո՞ւր են, ինչո՞ւ են լռում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի մեղքի բաժինը 30 տոկոս է, որովհետև նա կա այն, ինչ կա, նա առաջին օրվանից սպասարկում է իր բարեկամների, ցեղակիցների շահերը, իսկ մնացա՞ծը:

Արդեն եկել, մտել են տունդ, հացից են քեզ կտրում, երկրից են քեզ կտրում, ինչո՞ւ ես նստել տեղդ, վե՛ր կաց, արի՛ Երևան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել