168.am-ը գրում է․

«Խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և  պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը սահմանել 130 դրամ, որի մասին մթերող գործարանները պարտավորվել են հայտարարություն կատարել»,- այս մասին սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված բողոքներին։

Նրա փոխանցմամբ՝ դրանից զատ, երկու շաբաթ առաջ Կառավարության որոշմամբ սուբսիդավորվող վարկային միջոցների շեմը սահմանվել է մինչև 4 միլիարդ դրամ:

Փոփոխություն կատարվել է նաև ժամկետների մեջ, և դա վերաբերում է ոչ միայն խաղողին, այլև այլ մշակաբույսերին՝ պահածոների համար նախատեսվող բանջարանաբոստանային կուլտուրաներին:

Նշենք, որ օրեր առաջ Տափերականի մոտ մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել` ասելով, որ խաղողի մթերման շատ ցածր գին են իրենց առաջարկում այս տարի` ի տարբերություն նախորդ տարվա։ Օրինակ` այս տարի առաջարկում են 115 դրամ, իսկ գյուղացիները պահանջում էին՝ 140-150 դրամի սահմաններում մթերումը կատարվի։

«Հանդիպել եմ խաղողագործների հետ, այցելել «Պռոշյան» գործարան, և միակ խնդիրը, որի մասին բարձրաձայնել են, խաղողի գնի շուրջ է։ Խաղող մթերող գործարանների ներկայացուցիչների հետ պայմանավորվածության եկանք գնի շուրջ»,- ասել է Պապիկյանը։

168.am-ը փորձեց պարզել, թե գինու և կոնյակի գործարաններն այս պահին ո՞ր գնով  են մթերում խաղողը:

Պռոշյանի կոնյակի  գործարանից հայտնեցին, որ խաղող այս պահին մթերում են 130 դրամով:

Երևանի շապայն գինիների գործարանից էլ ասացին, որ այս պահին որոշված հստակ գին դեռևս չունեն:

«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերությունից էլ տեղեկացրեցին, որ խաղող մթերում են 130 դրամով:

Ավշարի գինու գործարանից փոխանցեցին, որ գինը դեռ հստակ չեն որոշել, բայց  տատանվում է 110-150 դրամի սահմաններում:

Ոսկեվազի գինու գործարանից էլ հայտնեցին, որ խաղող չեն մթերում: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ը նույնպես չի մթերում․ մեզ հետ զրույցում նրանք տեղեկացրեցին, որ ունեն սեփական այգիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել