168.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել է ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տասնյակ մարդ։

«Դուք գիտեք, որ, ցավոք, ստիպված եղա վերջին պահին չեղարկել իմ այցը Դուշանբե, շատ եմ ափսոսում: Բայց դա կապված է այն բանի հետ, որ մոտ շրջապատում, ինչպես գիտեք, հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդության դեպքեր, եւ դա մեկը չէ, երկուսը չէ, այլ մի քանի տասնյակ մարդիկ են: Իսկ այժմ ստիպված եմ մի քանի օր ինքնամեկուսացման ռեժիմ պահպանել»,-ասել է Պուտինը՝ տեսակապի միջոցով հանդես գալով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, որն անցկացվում է Դուշանբեում:

Նա հավելել է. «Ցավոք, չեմ կարող ձեր յուրաքանչյուրի ձեռքը սեղմել, ձեզ գրկել, բայց, իհարկե, մենք շահագրգռված ենք մասնակցությամբ, թող որ հեռավար կարգով՝ հանգուցային հարցերի քննարկմանը, որոնք ծառացած են մեր կազմակերպության առջեւ»:

Պուտինն ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում եւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ թե պարզապես անկայուն է, այլեւ նոր մարտահրավերներ եւ ռիսկեր են պարունակում երկրների անվտանգության համար:

Սեպտեմբերի 13-ի ցերեկը Պուտինը հանդիպում է ունեցել խորհրդարանականների հետ եւ ասել, որ իր շրջապատում «քովիդի հետ կապված խնդիրներ են առաջանում»:

«Ես կարծում եմ, որ պետք է կարանտիային ռեժիմ պահպանեմ, մեզ մոտ բազմաթիվ մարդիկ հիվանդ են»,- պարզաբանել է Պուտինը: Հաջորդ օրը ՌԴ նախագահը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ ստիպված է կարանտիային ռեժիմ պահպանել եւ Դուշանբեի միջոցառումներին կմասնակցի տեսակապով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել