168.am-ը գրում է․

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին անդրադարձել է ԼՂ կարգավիճակի խնդրին: Լրագրողների հետ զրույցում դեսպան Թրեյսին երեկ ասել է, որ ԱՄՆ-ը ԼՂ կարգավիճակի հարցը չի համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա: Ըստ նրա, այդ հարցի լուծման  համար երկու երկրների միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն են տեսնում:

«ԼՂ-ի կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»,- ասել է դեսպան Լին Թրեյսին՝ հաստատելով ավելի վաղ արտահայտված ԱՄՆ դիրքորոշումը:

Նա անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին. «Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, այդ առումով, մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության,- ասել է դեսպանը՝ շարունակելով,- Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք համարում, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։

Սրան նախորդել էր դեսպան Թրեյսիի մեկ այլ հետաքրքրական հայտարարություն կրկին այս խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն նա նաև պարզաբանել էր, թե Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ «Ինչպես գիտեք` ԱՄՆ-ը որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»,- ավելի վաղ ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը Սյունիքում տիրող իրավիճակը պահում է ուշադրության կենտրոնում: Ապրիլին Սյունիքի մարզ էր այցելել դեսպան Թրեյսին, իսկ սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին, ինչպես նաև դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդն ու քաղաքական և տնտեսական գրասենյակի ղեկավարը:

Նշենք նաև, որ օրերս ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին և խոսել ՄԽ գործունեության և ներկայիս իրավիճակի մասին:  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս իր հուլիսյան հայտնի հարցազրույցում նշել էր. «Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։ Իսկ այդ ընթացքում Մոսկվան նշում է, որ ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել էր, թե,  ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են, ուստի այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ համանախագահ բոլոր երկրները, ըստ էության, կոնսենսուս ունեն այն հարցում, որ կան չկարգավորված քաղաքական հարցեր: Նրա խոսքով, Մոսկվայի ռազմավարությունն այս խնդրում ուղղված է այդ հարցերը լուծելու համար նախադրյալներ ստեղծելուն:

«Խնդիրն այն է, որ Մոսկվան կա՝ ինչպես եռակողմ, այնպես էլ՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափերում: Բնական է, որ Մոսկվայի համար առաջնահերթ է համարվում խնդիրների լուծումը եռակողմ ֆորմատում: ԱՄՆ-ը և Ֆրանսիան չկարողացան ոչինչ անել պատերազմի ընթացքում, բացառությամբ այն, որ հաջողվեց պայմանավորվածություն բերել չկայացված հրադադարների շուրջ, սակայն, ի վերջո, Մոսկվան բարձրաստիճան նախաձեռնությամբ հանդես եկավ և որոշակի լուծում տվեց իրավիճակին: Ներկայումս Մոսկվայի համար էլ ավելի կարևոր հարցեր կան, օրինակ, խաղաղապահների մանդատի հարցը, Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծումը, ինչպես նաև ամենակարևորը՝ եռակողմ հայտարարության իրականացման համար ճիշտ մթնոլորտի ձևավորումը»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով, այդ գործընթացի բաղադրիչ են նաև հայ-թուրքական հարաբերությունները, և գլխավորը՝ Հայաստան-Ադրբեջան բոլոր խնդիրների վերացումը, քանի որ թշնամական հայտարարությունների ֆոնին հնարավոր չէ տարածաշրջան ապաշրջափակել:

Նրա կարծիքով, հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակը խոչընդոտեց եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ կողմերի առաջընթացը: «Չգիտես՝ որտեղից այդ օրակարգն ի հայտ եկավ ու հավելյալ բեռ դարձավ ընդհանուր գործընթացի համար: Խնդիրները չափազանց շատ են՝ հայ-թուրքական հարաբերություններ, որոնք պատմական հետք ունեն, հայ-ադրբեջանական, որոնցում լուծելու հարցերը շատ են սահմաններից մինչև Խաղաղության պայմանագրի հարցերի համաձայնեցում, ճանապարհներ և այլն, Ղարաբաղում խաղաղապահների մանդատի հարց և հետագայում այդ հարցի քննարկում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեություն, երբ երկու համանախագահ երկրները պնդում են, որ պետք է լուծել կարգավիճակի հարցը: Սրանք միայն տարածաշրջանային հարցերն են, սակայն տարածաշրջանային թեմաներից դուրս կան շատ ավելի կարևոր գերտերությունների հարաբերություններ, այլ օջախներ, ուստի կանխատեսել, թե ինչ կլինի, բարդ է»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե հասկանալի է, որ ռեգիոնում խնդիրները կուտակվել են, ռեգիոնի շուրջ կրքերը շատ են: «Բոլորը ցանկանում են իրենց խնդիրները լուծել»,- նկատեց նա:


Սակայն, նրա հավաստիացմամբ, Մոսկվան հետևելու ռեժիմից կոնկրետ քայլերի կանցնի և ավելի առարկայական գործընթացի կանցնի ընտրական գործընթացներից հետո:

«Սեպտեմբերի 19-ին ՌԴ-ում Պետդումայի ընտրություններն են, արդեն տևական ժամանակ է, ինչ դիվանագիտությունը ևս այդ ռեժիմում է, պաշտոնյաներ են փոխվելու, ըստ արդյունքների և ընդհանուր առմամբ ներքաղաքական կյանքում փոփոխական փուլ է, ուստի ակնկալել, որ Մոսկվան այս պահին պետք է բեկումնային քայլեր անի, սխալ կլինի: Բեկումնայինը եղել է պատերազմը կանգնեցնելը, եռակողմ հանձնաժողովի ստեղծումը և հետագա աշխատանքը: Կարծում եմ՝ այլ արդյունքներից կարելի է խոսել մի քանի շաբաթ անց, երբ դիվանագիտությունն ընտրական գործընթացներից հետո իր տեղում կհայտնվի ու հստակ աշխատանք կիրականացնի»,- ասաց նա:

Նա այն կարծիքին չէ, թե դիվանագիտությունն ընդհանրապես չի աշխատում, չկա վերահսկողություն, պարզապես կա ստատուս-քվոն կարճ ժամանակով պահպանելու ռազմավարություն մինչ ընտրական գործընթացների ավարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել