Armeniasputnik.am-ը գրում է.

Ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։

«Լայնորեն քննարկեցինք ԼՂ–ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։ Կարևոր է ձեռնպահ մնալ լարվածության տանող ցանկացած գործողություններից և իրականացնել նոյմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։ Ամեն կոնֆլիկտ, ի վերջո, հանգեցնում է տառապանքի այն մարդկանց, որոնք ուզում են խաղաղության մեջ ապրել»,–ասաց նա։

Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու, ցանկացած կոնֆլիկտ էլ լուծվում է։ Նրա խոսքով` որպես ԵՄ երկիր`Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։

Բացի այդ, ԵՄ–ն էլ իր հերթին պատրաստակամ է նպաստել խաղաղության վերականգմանը։

«Պետք է շեշտեմ` հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։ Սակայն պետք է նաև ականազերծման աշխատանքները շարունակվեն` պահպանելու մարդկանց կյանքերը»,–ասաց նա։

Արարատ Միրզոյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց պատերազմի օրերին Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար։ Միրզոյանը հայտնեց` Սլովակիայի արտգործնախարարի հետ ընդլայնված կազմով հանդիպմանն արդեն իսկ անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից նախատեսված դրույթները չկատարելուն։ Մասնավորապես, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, խոսքը հայ գերիների մասին է։

«Խոսել ենք նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող մշակութային ժառանգության պահպանման խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին»,–ասաց Միրզոյանը։

Ի դեպ, Սլովակիայի նախարարն իր հայ գործընկերոջը պատասխան այցով Սլովակիա հրավիրեց։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել