168.am-ը գրում է․

Ծեծկռտուքներ, երկուստեք հնչող վիրավորանքներ ու իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից մեկը մյուսի հետևից հրահրվող սադրանքներ. այս ամենը ստվերեցին Կառավարության կողմից ներկայացված 2021-2026թթ. ծրագրի խնդրահարույց կետերի ու դրույթների քննարկումն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, մինչդեռ այդպիսիք ծրագրում չափից շատ են։ Դիսկուրսը բուն ծրագրի քննարկմանը թեքելու ընդդիմության բոլոր ջանքերը վիժեցվում էին՝ երկրի գլխավոր ամբիոնից ամեն կերպ փորձ անելով խաթարել անցանկալի թեմաների բարձրաձայնումը։ Այնուամենայնիվ, հանրությունը պետք է իմանա, թե ներկայիս իշխանություններն առաջիկա 5 տարիների ընթացքում ինչ սկզբունքներով ու առաջնահերթություններով են պատրաստվում ղեկավարել Հայաստանը, և որքանով է սևով սպիտակին գրված խոսքն առնչվում գործի ու իրականության հետ։

Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր երկրում օրենքի դիկտատուրա հաստատելու խոստման վրա։ Խոստումը բազմիցս վերահաստատեց նաև ընտրություններից հետո իր ելույթներում։ Իսկ արդյո՞ք իշխանական ուժի գործելաոճը միտված է երկրում օրենքի դիկտատուրա հաստատելուն…

Կառավարության ծրագրում խոսվում է օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովման մասին, սակայն Հատուկ քննչական ծառայությունը մինչ այս պահը քրեական գործ չի հարուցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի հանդեպ, ով այս տարվա մարտի 18-ին երևանյան սրճարաններից մեկում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, վնասել վերջինիս համակարգիչը, հեռախոսը և մարմնական վնասվածքներ հասցրել։

Իշխող քաղաքական ուժը Կառավարության ծրագրում խոստանում է շարունակել անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները, մինչդեռ բավական է ուշադրություն սևեռել այն փաստին, որ, ի տարբերություն 2017թ.՝ 2018 և 2019 թվականներին զգալիորեն աճել են պետական մարմինների կողմից «մեկ անձից» և «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները։ Ի դեպ, վերջիններս կոռուպցիոն ռիսկ պարունակող գնման ձևերից մեկն են, այդ է պատճառը, որ ՀՀ գնումների օրենսդրությունը նախապատվությունը տալիս է մրցութային ընթացակարգին:

Կառավարության ծրագրով իշխող քաղաքական ուժը վերահաստատում է, որ շարունակելու է ի կատար ածել դատաիրավական բարեփոխումների օրակարգը, սակայն գործնականում վերջին 3 տարիների ընթացքում դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացման առնչությամբ գործող իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը ոչ մի արդյունավետություն չեն ունեցել:

Ավելին, հակաիրավական մի շարք գործողությունները դատական համակարգի նկատմամբ անվստահության նոր ալիք առաջացնելու միտում ունեին, որոշներն էլ՝ դատական համակարգի աշխատանքին միջամտելու։ Այդպիսին էր, օրինակ, 2019թ. մայիսի 20-ին Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի համատարած արգելափակումը։ Ընդ որում, դատարաններ արգելափակողների շարքում էին ինչպես պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, այնպես էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Դատական համակարգի աշխատանքին միջամտելու ցցուն օրինակ է Վերաքննիչ դատարանի դատավորներին գործեր մակագրելու ավտոմատ համակարգը գործարկող համակարգչի առգրավումն ԱԱԾ-ի կողմից։ Արդյունքում, դատավորների մակագրումը տեղի է ունենում մարդկային գործոնի միջամտությամբ և լուրջ կասկածների տեղիք տալիս, որ այդ միջոցով որոշ դատական գործեր միտումնավոր մակագրվում են կոնկրետ դատավորների։ Ընդ որում, մի շարք աղբյուրների համաձայն՝ Վերաքննիչ դատարանում եղել է երկրորդ՝ ռեզերվային համակարգիչը, որի վրա կարելի էր տեղափոխել մակագրման ծրագիրը, սակայն դա, չգիտես, թե ինչու, չի արվում։

«Դատաիրավական բարեփոխումների» մեկ այլ վառ օրինակ է, այսպես կոչված, «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» հանգուցալուծումն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխության արդյունքում, երբ Բարձր դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին, մեկ օրվա մեջ զրկեցին ՍԴ դատավորի կարգավիճակից, իսկ Հրայր Թովմասյանը, զրկվելով ՍԴ նախագահի պաշտոնից, շարունակեց պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր: Իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով բոլոր 4 դատավորները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Քրեական գործ հարուցվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել, առանց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Հետևաբար՝ առանց նման թույլտվության հաղթահարված չի եղել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի, ընթացակարգային անձեռնմխելիությունը, իսկ մեղադրանք առաջադրելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները և միջնորդավորված՝ նաև դատական իշխանության անկախությունը:

Կառավարությունը նպատակ է սահմանել շարունակել կատարելագործել օրենսդրությունը բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, անել դա այնպիսի կարգավորումներով, որոնք չեն սահմանափակի խոսքի, կարծիքի արտահայտման, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը: Գործնականում, սակայն, իշխող քաղաքական ուժը, կարծես թե, հակառակ գործիքակազմն է կիրառում։ Բոլորն էլ հիշում են, որ իշխող քաղաքական ուժը քարոզարշավն անցկացրեց բռնության կոչերի, ատելության խոսքի և թշնամանքի տարածման ակտիվ զուգակցմամբ։ Ծրագրում խոսվում է կարծիքի ազատ արտահայտման մասին, մինչդեռ մենք անմիջապես հիշում ենք, որ այս տարվա մարտի 24-ին հապշտապ բարձրացվեց զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցումների չափերը. վերին շեմ սահմանվեց 6 մլն դրամը (գործող 2 մլն-ի փոխարեն), իսկ վիրավորանքի դեպքում՝ 3 մլն դրամը (գործող 1 մլն-ի փոխարեն)։ Օրենքի նախագիծը չստորագրվեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից և դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով ուղարկվեց Սահմանադրական դատարան, բայց դա էլ խոչընդոտ չհանդիսացավ, որ հուլիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունվի մեկ այլ նախագիծ. քրեական պատասխանատվություն սահմանվեց անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։ Ընդ որում, որպես ծանրացնող հանգամանք՝ նախատեսվեց անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կատարված ծանր վիրավորանքը:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ազատ խոսքի իրավունքը չսահմանափակելուն, ապա ներկայիս իշխանությունները ձգտում են գերազանցել բոլոր ռեկորդները՝ բացասական իմաստով։ Այսպես, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սահմանափակվեց լրագրողների տեղաշարժն ԱԺ շենքի ներսում. այսուհետ լրագրողներին թույլատրվում է լինել միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում (եթե, իհարկե, դահլիճում թեժ վիճաբանություն կամ ծեծկռտուք չէ, այլապես անվտանգության աշխատակիցները լրագրողներին կայծակնային արագությամբ հեռացնում են օթյակից) և ԱԺ այգում: Հասնել պատգամավորների աշխատասենյակներին լրագրողները նույնպես չեն կարող, բացառությամբ, եթե ունեն պատգամավորի համաձայնությունը. այս միջոցով միաժամանակ սահմանափակվեց լրագրողների կողմից պատգամավորներից մեկնաբանություններ վերցնելու հնարավորությունը։ Գրեթե նույն իրավիճակն է Կառավարության շենքում. նիստի ավարտից հետո լրագրողները չեն կարողանում Կառավարության անդամներին հարցեր ուղղել, իսկ վերջիններս շենքի տարբեր մուտքերից շտապ հեռանում են։ Հետաքրքրական է, որ նոր սահմանափակումներին լրագրողները բախվեցին մինչև պաշտոնական որոշման ընդունումը, երբ եկել էին լուսաբանելու 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորման նստաշրջանը։ Նրանցից մեկը ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանն էր, ով թույլատրված հատվածներում լուսանկարահանել էր, թե ինչ ծավալի անվտանգության միջոցառումներ և անվտանգությունն ապահովող աշխատակիցներ են գտնվում Ազգային ժողովի տարածքում, ինչն էլ իր հերթին՝ համացանցում քննարկման և քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել: Արդյունքում՝ ֆոտոլրագրողին արգելվեց մինչև տվյալ նստաշրջանի ավարտը մուտք գործել ԱԺ։

Եվ, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր գործչի կարգավիճակում հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում» է: Ըստ էության, այժմ ինքն էլ է ցանկանում իր համար հատուկ կարված մի կոստյում ունենալ։ Այսպես, Կառավարությունը նախատեսել է քննարկումներ սկսել հանրային-քաղաքական շրջանակների հետ՝ որոշելու համար նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակահարմարությունը, քանի որ, ըստ իրենց, այդ հարցի շուրջ առկա է հանրային և քաղաքական շրջանակների ընդգծված հետաքրքություն։ Տվյալ հարցի շուրջ ծրագրում շատ կարճ և հպանցիկ կատարված անդրադարձը բավական խնդրահարույց է, քանի որ և՛ իշխող քաղաքական ուժը, և՛, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես են եկել 2015թ․ Սահմանադրության փոփոխությունների քննադատությամբ և Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորմամբ։ Բավական է հիշել 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության կողմից նախաձեռնված Սահմանադրական փոփոխությունները, որոնք իրականացվեցին հակասահմանադրական և հապճեպ եղանակով՝ առանց որևէ հանրային քննարկման, և որոնց նպատակն էր փոխարինել Սահմանադրական դատարանի դատավորներին իշխող քաղաքական ուժի համար ընդունելի և իրենց ազդեցության ներքո գտնվող դատավորներով։

Հիշենք նաև 2018թ.-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության փոփոխությունների մասին բազմիցս արված հայտարարությունները, այդ թվում՝ 2019թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ սկիզբ դրված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որի աշխատանքները, սակայն, դրա կազմավորումից 8 ամիս անց դադարեցին, և այդպես էլ հանրային քննարկման Սահմանադրության փոփոխությունների որևէ հայեցակարգ չներկայացվեց։ Գործընթացի դադարեցումը վկայում է, որ իրականում Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա, և իշխող քաղաքական ուժը այդ գործընթացը սկսել էր միմիայն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված՝ առանց օբյեկտիվ անհրաժեշտության։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Սահմանադրության փոփոխությունները, որոնց թվում է նաև երկրի կառավարման մոդելի փոփոխությունը և վերադարձը կա՛մ նախագահական, կա՛մ կիսանախագահական համակարգին, արվելու են միայն իշխող քաղաքական ուժի սեփական քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. օրենքի դիկտատուրա չի լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել