Նարեկ Մեսրոպյանն արցախցի էր, բուժծառայության մայոր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր: Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում՝ դպրոցական օլիմպիադաներում, արվեստի ոլորտում... երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, դերասան, սակայն, ի վերջո կանգ առավ կյանքեր փրկելու առաքելության վրա։
Նարեկն ակտիվ մասնակցություն էր ունեցել նաև Ապրիլյան պատերազմին։ Այդ պատերազմում 70-ից ավել վիրավորների դուրս բերելով մարտի դաշտից և փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվել էր «Արիության» մեդալով։ Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխն էր պատմում, թե ինչպես էր Ապրիլյանի ժամանակ հրետակոծության տակ Նարեկը շտապում վիրավորներին դուրս բերելու մարտի դաշտի, որպեսզի կրճատի անդամահատության անհրաժեշտությունը։
Սպիտակ բանակի մարտիկն այս պատերազմին էլ մեկնեց հայրենի Արցախի պաշտպաններին փրկելու։ Բայց ավաղ, հոկտեմբերի 11-ին, վիրավոր զինվորներին օգնության շտապելի ծանր վիրավորում է ստանում Նարեկն ու տեղափոխվում Երևան:
Մեկ շաբաթ պայքարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես առաջին հարցը, որ տվեց, հարցրել էր. «Պատերազմն ավարտվե՞լ ա».,-հարազատներն ասել էին այո, ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ լավ է, բայց ցավոք բժշկությունն անզոր էր. հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմահացավ...
Երեկ Նարեկի հուշ-ցերեկույթն ու ծննդյան օրն էր։ Նա կդառնար 32 տարեկան։ Առաջին անգամ հարազատներն առանց նրա էին նշում նրա տարեդարձը:
Ընդհանուր առմամբ այս վերջին պատերազմում իր մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է 15 բժիշկ։
Հավերժ փառք ձեզ, սպիտակ բանակի քաջ զինվորներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել