Րոպեներ անց հայցադիմում կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա նշեց, թե պահանջում են հերքումը ներկայացնել այն նույն ամբիոնից, որից հնչեցվել է: Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի «կազինոներում» կրվել է»։

Մակինյանի խոսքով՝ հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, փաստաբանը վստահ է, դատարանը հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին՝ հերքել տեղեկությունները: «Մենք պահանջել ենք Խաչատուր Սուքիասյանից 1 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, որն ամբողջությամբ պետք է վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-հավելեց Մակինյանը:

Ըստ փաստաբանի՝ այս իշխանությունները մինչ իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակության սուտ, որի արդյունքում կարողացել են հասարակությունը բաժանել «սևերի» և «սպիտակների», գեներացրել են ահռելի քանակության ատելություն:

«Ես հրապարակային հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք, և այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերությունից, բարի կամքից, և հասարակության լայն զանգվածների շրջանում սուտ տեղեկություններ, հերյուրանքներ հրապարակելով՝ անվանարկել մարդկանց, որոնց գործունեության, աշխատանքի, դրած կյանքի արդյունքում մենք հիմա կանգնած ենք այստեղ, այլևս չենք հանդուրժելու, որ մեկը մի սուտ ասի, որը վերցնեն ու դարձնեն մեծ փուչիկ ու տարածեն»,-ասաց նա:

Վերջինս հիշեցրեց՝ 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը խոսում էր արագաչափերի մասին՝ դրանց պատկանելիությունը վերագրելով Սերժ Սարգսյանի եղբորը, սակայն այժմ դրա մասին որևէ մեկը չի խոսում: «Այսօրվանից մենք ազդարարում ենք ստի վերջ, բոլորն իրենց արտահայտած հրապարակային, անվանարկող տեղեկությունների համար պետք  է պատասխան տան ՀՀ դատարանում, ներկայացնեն փաստեր»,-ասաց նա:

Մակինյանը նշեց՝ Հանրապետության երրորդ նախագահի համբերության բաժակը լցվեց, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզչության ժամանակ սուտ տեղեկություններ հայտարարեց, ու երրորդ նախագահը նրան տվեց 24 ժամ:

Դիտարկմանը, թե դատարանը կամ պատասխանող կողմը չե՞ն կարող ասել, թե եղել են քաղաքական հայտարարություններ, և որևէ իրավական գործընթաց չհաջորդի, փաստաբանն արձագանքեց, թե քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ, զրպարտչական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել