Յորքի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մարդու 17 կմախք, որոնք մահացել են 79 թ․ Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով։ Գիտնականները հետազոտել են ոսկրերում ածխածնի և ազոտի իզոտոպների համամասնությունը և պարզել հին հռոմեացիների սննդակարգի առանձնահատկությունները։ 

Հնագիտության ամբիոնի պրոֆեսոր, ոուսումնասիրության հեղինակ Օլիվեր Քրեյգը նշել է․ «Հերկուլանումում 79 թ․ զոհվածների մնացորդները մեզ յուրօրինակ տեղեկատվություն են տրամադրում անտիկ մարդու կենսակերպի մասին։ Պատմական աղբյուրները հաճախ են նշում, որ հռոմեական հասարակությունում հասանելիությունը սննդին տարբերվում էր, սակայն հազվադեպ են հստակ տեղեկություններ փոխանցում։ Մենք էական տարբերություն ենք նկատել տղամարդկանց ու կանանց մոտ ծովային սննդի ու մսի չափաբաժիններում։ Հավանական է, որ սննդին հասանելիությունը կախված է եղել սեռից»։ 

Ընդհանուր առմամբ՝ Հերկուլանումի լողափերին և առափնյա ժայռերին հայտնաբերվել է 340 մարմին։ Մարդիկ փախել էին Պոմպեյից, փորձել թաքնվել հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած տաք գազերի, մոխրի ու քարերի խառնուրդից։ 

Խմբի տղամարդիկ ծովային սննդից ստացել են մոտ 50%-ով ավելի շատ սպիտակուց, քան կանայք։ Նրանք ավելի շատ սպիտակուց են ստացել նաև հատիկեղենից։ Կանայք առավել մեծ քանակությամբ սպիտակուց են ստացել մսից, տեղի բանջարեղենից և մրգերից։ 

«Համաձայն մեր ուսումնասիրության՝ Հերկուլանումի և Հին Հռոմի տղամարդիկ ձուկ ավելի շատ են կերել։ Նրանք զբաղվել են ձկնորսությամբ և ծովի հետ կապված այլ ակտիվություններով, ավելի բարենպաստ դիրք են ունեցել հասարակության մեջ, ինչն էլ թույլ է տվել ազատ հասանելիություն ունենալ թանկարժեք սննդի, օրինակ՝ թարմ ձկան», - նշում է գիտնականների թիմի անդամ Սիլվիա Սոնչինը։ 

Գիտնականները կարծում են, որ ձուկն ու ծովամթերքներն ավելի կարևոր դեր են ունեցել Հերկուլանումի բնակիչների սննդակարգում, քան ժամանակակից միջերկրածովյան սննդակարգում։ Վերջինս այսօր հիմնականում բաղկացած է մսից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել