168.am-ը գրում է․

Թշնամու զինված ուժերի ներկայացուցիչներն օգոստոսի 25-ի երեկոյան փակել են Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը, իսկ այսօր արդեն՝ Գորիս-Որոտան ճանապարհը։

168.amի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ ամբողջ տրանսպորտն արգելափակված է, իրենց տարածքով մեքենաներ չեն գնում։

«Որոտանի հատվածում թուրքերը ճանապարհը փակել են, մենք ենք այստեղ։ Անորոշ կարգավիճակում ենք, չգիտենք՝ ինչ է լինելու, փորձում ենք ինչ-որ հարցեր լուծել։ Ելք ու մուտք գյուղ չկա, այստեղից մաքսիմում կարող ենք հասնել Բարձրավան։ Միայն կա անտառամիջյան շատ դժվար անցանելի ճանապարհ, բայց մեքենայով շատ դժվար է անցնել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհը փակելուց հետո թշնամին չի կրակել։

«Շուռնուխում կոնկրետ որևէ բան չի եղել։ Հուսանք՝ այս ընթացքում գյուղից որևէ մեկը չի հիվանդանա, Գորիս հասցնելը շատ դժվար է, եթե տանենք, մեծ դժվարությամբ ենք հասցնելու։ Իշխանության ներկայացուցիչներից ընդամենը մեկ հոգի է իր ջանը վերցրել, եկել այստեղ, ինքը ծնունդով ճարտարեցի է, ապրել է Կալավանում, այսօր էլ եկել է այստեղ»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել